Մատչելի հղումներ

Հայ-հունական կոչ՝ ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներին


Ամերիկայի հայկական ու հունական լոբբիստական երկու խոշորագույն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 5 միլիոն մարդ ԱՄՆ-ում, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին վերջ տալ իրենց նախընտրական արշավում հայկական ու հունական հարցերի նկատմամբ լռությանը եւ հորդորում, որ նախագահի երկու թեկնածուները ներկայացնեն այդ հարցերի շուրջ իրենց տեսակետները։

՝՝Որպես հունական եւ հայկական լոբբիստական առաջնային կազմակերպություններ, մենք միասնաբար ենք այսօր կոչ անում Օբամային եւ Ռոմնիին հրապարակային կերպով ներկայացնել մեր ժողովուրդներին վերաբերող հարցերի նկատմամբ այն սկզբունքները, նախընտրություններն ու քաղաքականությունը, որոնցով ուղորդվելու են նրանց վարչակազմերը՛՛, հայտարարել են Ամերիկայի Հելենիստական հաստատության նախագահ Նիք Լարիգակիսը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Երկու կազմակերպություններն առանձին նամակներ են հղել Օբամա-Բայդըն եւ Ռոմնի-Ռայըն նախընտրական շտաբներին՝ ներկայացնելով իրենց ժողովուրդներին հուզող կարեւորագույն հարցերը։

Հայկական կողմից հղված նամակում, ի շարս այլոց, ներկայացված են հետեւյալ հարցերը.

  1. Որպես նախագահ, Դուք պաշտոնապես եւ հրապարակային կերպով ճանաչելու՞ եք Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն.

  2. Ո՞րն է Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու մասին Կոնգրեսի ընդունած որոշման նկատմամբ Ձեր տեսակետը.

  3. Ի՞նչ քայլեր եք նախատեսում օգնելու Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու իր քաղաքականությունից հրաժարվելու համար.

  4. Հայաստանում եւ Թուրքիայում դեսպանների Ձեր ներկայացրած թեկնածուները ճանաչելու՞ են Հայոց ցեղասպնությունը.

Ամերիկայի Հելենիստական հաստատությունը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը կազմել են Facebook-ի համատեղ մի էջ՝ ներկայացնելու համար հայ եւ հույն ժողովուրդների հարատեւ կապերը։

՝՝Հայ-հունական դաշինքը նպատակ ունի ներկայացնել ու պաշտպանել հնագույն եւ հպարտ այս երկու ժողովուրդների տեսակետները, արժեքներն ու հետաքրքրությունները՛՛, ասված է Facebook-ի համատեղ էջում, որի հասցեն է http://www.facebook.com/ArmenianHellenicAlliance։




XS
SM
MD
LG