Մատչելի հղումներ

Լեո Սարգսյանն ավարտում է իր գործունեությունն «Ամերիկայի Ձայն»-ում


Լեո Սարգսյան
Լեո Սարգսյան

«Ամերիկայի Ձայն»-ում Լեո Սարգսյանի և իր գործընկերների կողմից հավաքված նյութերի հարուստ հավաքածուի հիման վրա ստեղծվել է իր անունը կրող Աֆրիկայի երաժշտության գրադարան

Հայազգի ազգագրագետ և երաժշտության, մասնավորապես՝ Աֆրիկայի երաժշտության ոլորտի մասնագետ Լեո Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պաշտոնապես ավարտում է իր գործունեությունն «Ամերիկայի Ձայն»-ում, ուր աշխատել է գրեթե 50 տարի:

«Ամերիկայի Ձայն»-ում Լեո Սարգսյանը սկսել էր աշխատել 1963 թվականին՝ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում ամերիկացի հանրահայտ լրագրող Էդվարդ Մուռոուի կողմից աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Էդվարդ Մուռոուն այն ժամանակ գլխավորում էր ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալությունը՝ «Ամերիկայի Ձայն»-ի այնժամյա ղեկավար կազմակերպությունը, և քաջատեղյակ էր Լեոյի կողմից Արևմտյան Աֆրիկայում երաժշտության ձայնագրման ուղղությամբ կատարվող հսկա աշխատանքի մասին:

Այս առաջարկից երկու տարի անց՝ 1965 թվականին, Սարգսյանը սկսել է հեռարձակել «Աֆրիկյան երաժշտական ժամ» ամենշաբաթյա իր հաղորդումը, որի ընթացքում ներկայացնում էր Աֆրիկայի բոլոր վայրերում ձայնագրված ժամանակակից և ավանդական երաժշտությունը: Նույնիսկ 47 տարի անց այս ծրագիրը, որն «Ամերիկայի Ձայն»-ի եթերում ամենաերկար ժամանակ հեռարձակվող ծրագիրն է դարձել, պատրաստվում և Աֆրիկայում միլիոնավոր ունկնդիրների ուշադրությանն է ներկայացվում նույն ժամանակացույցով՝ ամեն շաբաթ:

Լեո Սարգսյանն իր գործունեության հիսուն տարվա ընթացքում հավաքել է Աֆրիկայի երաժշտության մի հսկա պահոց, որտեղ առկա երաժշտությունը Սարգսյանը ձայնագրել է անձամբ, ստացել կատարողներից, պրոդյուսերներից, ռադիոկայաններից կամ փոստով՝ իր հավատարիմ ունկնդիրներից: Պահոցում առկա որոշ ձայնագրություններ ձայնագրված են եղել առևտրային նպատակներով, սակայն շատ են նաև երաժշտական փառատոնների, ծիսակատարությունների կամ համերգների ժամանակ ձայնագրված կատարումները:

«Ամերիկայի Ձայն»-ում Լեո Սարգսյանի և իր գործընկերների կողմից հավաքված նյութերի հարուստ հավաքածուի հիման վրա ստեղծվել է իր անունը կրող Աֆրիկայի երաժշտության գրադարան, որը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված Կոհեն շենքի հիմնահարկում, որտեղից գործում է «Ամերիկայի Ձայն»-ը:

XS
SM
MD
LG