Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Սուդանից ու Թունիսից դուրս է բերում իր դեսպանությունների որոշ անդամների


ԱՄՆ-ը հրահանգել է, որ Սուդանից ու Թունիսից հեռանան իր դեսպանությունների ոչ առաջնային անդամներն ու նրանց ընտանիքները։
Պետքարտուղարությունը նաեւ նախազգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին չճամբորդել այդ երկու երկրներ, որտեղ խորանում են հակաամերիկյան տրամադրությունները։

Հիշեցնենք, որ բռնություններն այստեղ սկսվեցին, երբ ինտերնետում հայտնվեց հակամահմեդական տրամադրություններով մի կինոնկար։

Ֆիլմը նկարահանելու մեջ մեղադրվող կասկածյալն այս օրերին Կալիֆորնիայում հարցաքննությունների է ենթարկվում ԱՄՆ-ի իշխանությունների կողմից։

Մահմեդական երկրների որոշ հատվածներում երեքշաբթի օրվանից սկսված բողոքի ուժեղ ալիքը, որին զոհ գնացին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանն ու դեսպանության երեք այլ աշխատակիցներ, կիրակի օրը կարծես մարում էր։

Իսկ Եմենում ալ Քաիդայի ճյուղը կոչ է անում սկսել նոր բռնություններ ընդդեմ ամերիկացիների ու ամերիկյան դեսպանատների։
Սուդանի մայրաքաղաք Խարթումում ոստիկանությունն այս պահին հսկում է բոլոր փողոցները, որից մեկ օր առաջ ամբոխը հարձակումներ էր իրականացրել ընդդեմ ամերիկյան, բրիտանական ու գերմանական դեսպանատների։

Սուդանի արտգործնախարարը մերժել է այստեղ ամերիկյան ուժեր ուղարկելու ԱՄՆ-ի առաջարկը։







XS
SM
MD
LG