Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը լրտեսներ է ուղարկում Լիբիա


ԱՄՆ-ը մեծ թվով լրտեսներ, զինվորականներ ու անօդաչու հետախուզական օդանավեր է ուղարկում Լիբիա՝ արագացնելու համար այս երկրում ԱՄՆ-ի դեսպանին ու երեք այլ ամերիկացիների սպանած անձանց հայտնաբերելու աշխատանքները։

Սակայն Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում շարունակվող հակամարտությունների պատճառով այս տարածաշրջաններ ուղարկված լրտեսների մեծ թվի պատճառով, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը տեղեկացրել է, որ ունի պահեստային սահմանափակ թվով լրտեսներ։

Իսկ Լիբիան, բռնակալ Մոամմար Քադաֆիին տապալելուց հետո ընկած մեկ տարվա ընթացքում դեռեւս չի կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել ամբողջ երկրի տարածքի վրա եւ չունի հետախուզական կայացած գործակալություններ։

ԱՄՆ-ը Լիբիա է արդեն ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննչական խմբեր, որոնք պիտի փորձեն հայտնաբերել ալ Քաիդայի համակիրներին, որոնք այս երկրում անցկացված ցույցերը վերածել էին Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի դեմ զինված հարձակման։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպան Քրիս Ստիվընսը եւ դեսպանատան երեք այլ աշխատակիցներ զոհվել էին Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 11-րդ տարելիցի օրը հյուպատոսության վրա հրազենային մի քանի տեսակներով իրականացված հարձակման արդյունքում։
















XS
SM
MD
LG