Լոնդոնի Օլիմպիական խաղերում հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը կիրակի օրը նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակիչում նա պարտություն կրեց Ռուսաստանը ներկայացնող աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովից։
Կիսաեզրափակիչում Ջուլֆալակյանը հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ:
Բրոնզե մեդալ նույն օրը նվաճեց ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգում Հռիֆսիմե Խուրշուդյանը՝ Օլիմպիական այս խաղերում վերցնելով Հայաստանի հավաքականի առաջին մեդալը։ 25 ամյա Խուրշուդյանին հաջողություն բերեց հրում վարժությունում երրորդ մոտեցումը, երբ նա գլխավերեւում պահեց 166 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի արդյունքով հայ մարզուհին բարձրացրեց 294 կգ: Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական թիմի մյուս հինգ ծանրամարտիկները դուրս են մնացել պայքարից:
Ավելի վաղ նույն օրը մրցապայքարից դուրս էր մնացել Հայաստանի թիմի ամենափորձառու մարզիկը` 42 ամյա հրաձիգ Նորայր Բախտամյանը: Այսպիսով, Հայաստանը ներկայացնող 25 մարզիկներից 16-ը արդեն ավարտել են մրցելույթները։
Երկուշաբթի օրը Լոնդոնում պայքարի դուրս կգա հայաստանցի միայն մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեեւը: