Մատչելի հղումներ

Մարտերը Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում են


Սիրիայի ընդդիմությունը տեղեկացնում է, որ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ կառավարական ուժերը, հրասայլերի եւ ուղղաթիռների մասնակցությամբ, գրոհներ են իրականացնում Հալեպ քաղաքում։
Տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, մարտերը կիրակի օրը շարունակվում էին քաղաքի հարավարեւմտյան շրջաններում։

Առեւտրական հանգույց հանդիսացող Հալեպի նկատմամբ վերահսկողությունը մեծ կարեւորություն ունի թե՛ կառավարության եւ թե՛ ընդդիմության համար։
Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը հորդորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հալեպի հարցով հրավիրել արտակարգ նիստ, քանի որ, ըստ ընդդիմության, կառավարությունն այստեղ նախատեսում է իրականացնել ջարդեր։

Քանի դեռ մարտերը շարունակվում են, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալեմն իրականացնում է նախապես չհայտարարված այց դեպի Իրան՝ Թեհրանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարելով, թե ՝՝հակասիրիական ուժերը՛՛ Հալեպում կրելու են պարտություն։

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացնում է Ասադի կառավարության տապալման դեպքում տարածաշրջանին եւ աշխարհին սպառնացող հետեւանքների մասին։ Նրա խոսքերով, ՝՝պարզունակ է՛՛ մտածել, որ Սիրիայում իշխանության փոխանցման դեպքում նոր կառավարությունը հեշտությամբ կկազմավորվի։

Հորդանանից ստացված հաղորդագրությունների համաձայն, այս երկիրը կիրակի օրը բացել է Սիրիայի փախստականների համար նախատեսված առաջին ճամբարը։ Արտգործնախարար Նասեր Ջուդահի խոսքերով, Հորդանանում այսօր կա սիրիացի ավելի քան 142 հազար փախստական։

XS
SM
MD
LG