Մատչելի հղումներ

Իրանի ժողովրդական մուջահեդինը պիտի հեռանա Բաղդադի հյուսիսից


ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանի ժողովրդական մուջահեդին կազմակերպությանը, որ սպառվում է Բաղդադի մոտակայքից հեռանալու համար այլախոհ այս խմբավորմանը տրված ժամանակը։

ԱՄՆ-ի հակահաբեկչական հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Դանիել Բենջամինն ասել է, թե այս կազմակերպությունը, որը հայտնի է նաեւ Մուջահեդին էլ-Խալխ անվամբ, Բաղդադի հյուսիսում գտնվող Աշրաֆի ճամբարից պիտի հեռանա մինչեւ հուլիսի 2Օ-ը։

Եթե խմբավորումը մինչեւ նշված ժամկետի լրանալը դուրս գա այս ճամբարից, ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից գուցե հանի այս կազմակերպության անունը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ու Իրաքի կառավարության միջեւ կնքված գործարքի համաձայն, Ժողովրդական մուջահեդին կազմակերպության անդամները պիտի Աշրաֆի ճամբարից տեղափոխվեն Բաղդադի մոտ մեկ այլ հատված։
Այս ճամբարից արդեն իսկ դուրս է եկել խմբավորման մոտ 2ՕՕՕ անդամ, սակայն պաշտոնատար անձինք ասում են, որ դեռեւս 13ՕՕ անդամ կա ճամբարում։

Իրաքի կառավարությունը Ժողովրդական մուջահեդին կազմակերպությանն ապաստան էր հատկացրել Իրանում 1979 թվականի մահմեդական հեղափոխությունից հետո, սակայն խմբավորման մի շարք անդամների է մեղադրել շիա մահմեդականների կողմից 2Օ տարի առաջ սկսված ապստամբության ժամանակ Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեյնին օգնելու համար։

Շիա մահմեդականների կողմից մեծամասնություն կազմող կառավարությունն Իրաքում եկավ իշխանության 2ՕՕ3 թվականին Սադդամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո։


Ժողովրդական մուջահեդին կազմակերպության պարտիզանական խմբավորումները 197Օ-ականներին պայքարել են ԱՄՆ-ի աջակցությունը ստացող Իրանի շահի դեմ ու նաեւ հարձակումներ իրականացրել ընդդեմ ամերիկյան թիրախների։ 1979 թվականի մահմեդական հեղափոխությունից հետո նրանք պայքարել են ընդդեմ Իրանի կրոնական կառավարման։

ԱՄՆ-ը այս կազմակերպությանը 1997 թվականին ընդգրկեց ահաբեկչական խմբավորումների իր ցանկի մեջ, սակայն այդ օրերիրց ի վեր Ժողովրդական մուջահեդինը հանդես է եկել բռնությունները դատապարտող հայտարարությամբ։
Այս կազմակերպությանն այսօր ահաբեկչական խմբավորում են համարում նաեւ Իրանն ու Իրաքը։

XS
SM
MD
LG