Իր պաշտոնում երդում տվեց Հոնկոնգի գլխավոր նոր գործադիր կառավարիչը՝ ղեկավարելու 7 միլիոն ազգաբնակչությամբ այս երկրամասը։
Լեունգ Չուն-յինգի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Չինաստանի նախագահ Հու Ջինտաոն։ Արարողությունը տեղի է ունենում 15 տարի անց այն օրից, երբ այս տարածքը Մեծ Բրիտանիայից անցավ Չինաստանին։
Սեփականությունների հարցերով մասնագետ Լեունգին այստեղ շատերն են դեմ՝ Չինաստանի հետ նրա ամուր կապերի եւ չինական կառավարման նկատմամբ նրա դրական դիրքերի պատճառով։
Հուլիսի մեկին, երբ այստեղ ամեն տարի նշվում է Չինաստանի հետ վերամիավորման տարեդարձը, տասնյակ հազարավոր ցուցարարներ են պատրաստվում դուրս գալ փողոցներ՝ պահանջելու համար Պեկինից ավելի անկախություն եւ բողոքելու հարուստների ու աղքատների միջեւ շարունակ խորացող տարբերության դեմ։
Ոստիկանությունը նախորդ օրն ընդհարվել էր այն ցուցարարների հետ, որոնք պահանջում էին չինացի այլախոհ Լի Ուանգյանգի կասկածելի մահվան մասին բացատրություններ։ Լին աշխատանքի իրավունքի հարցերով իրավապաշտպան էր եւ 1989 թվականի Տիանանմենի հրապարակի ապստամբության ղեկավարներից մեկը։
Իր ելույթում Չինաստանի նախագահն ասել է, թե վստահ է, որ նոր կառավարությունը լավ կաշխատի եւ որ նոր ղեկավարությունն ի վիճակի կլինի միավորել հասարակության բոլոր խավերին՝ ՝՝Հոնկոնգն ուղորդելու համար դեպի տնտեսական բարգավաճում, քաղաքական կառուցվածքային ժողովրդավարություն եւ սոցիալական ներդաշնակություն՛՛։