Մատչելի հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է «Հայաստան. հնարավորություն պետական մտածողության համար» զեկույցը


«Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպություն
«Եթե Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները չլինեն ազնիվ և դրանց հաղթողը չստանա քաղաքական հզոր մանդատ, ապա կառավարությունը չի ունենա համապարփակ բարեփոխումներ, կաշառակերության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ավարտի համար անհրաժեշտ լեգիտիմություն»:

Այս մասին նշված է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից «Հայաստան. հնարավորություն պետական մտածողության համար» զեկույցը հրապարակելու մասին տարածված մամուլի հաղորդագրությունում: Ըստ կազմակերպության, զեկույցում ուսումնասիրվում են գալիք տարվա սկզբին կայանալիք նախագահական առանցքային ընտրություններից առաջ առկա մարտահրավերները՝ ընտրությունների, որոնք որոշելու են, արդյոք երկիրը կկարողանա ազատվել ընտրախախտումների ավելի քան մեկուկես տասնամյակի պատմությունից:

«Ով էլ ընտրվի՝ պետք է արագացնի կառավարման և տնտեսական ծայրահեղ անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը և օգնի վերականգնել տարածաշրջանային կայունության համար վտանգ ներկայացնող Ադրբեջանի հետ տարածքային երկարատև վեճի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շարժիչ ուժը», - նշում է կազմակերպությունը:

Կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրեն Լորենս Շիթի համաձայն, եթե գալիք ընտրությունները նույնպես դիտվեն որպես լուրջ ընտրախախտումներով անցկացված, ապա դա է՛լ ավելի է շեղելու ուշադրությունը խաղաղության բանակցություններից և տնտեսական լրջագույն խնդիրներից: «Դրա հնարավոր հետևանքները կարող են լինել ժողովրդավարական քաղաքականությունից բնակչության գնալով մեծ թվի հրաժարումը և արտագաղթի ծավալների ավելացումը», - ասել է կազմակերպության Հարավային Կովկասի նախագծի տնօրենը:

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի մամուլի հաղորդագրության, զեկույցում նշվել է, որ այս տարվա մայիսին անցկացված խորհրդարանական մրցակցային ընտրությունների արդյունքում գրանցվել են դրական զարգացումներ՝ մամուլում առավել հավասարակշռված լուսաբանումը և հավաքների, խոսքի և տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ հիմնականում հարգալից վերաբերմունքը:

«Այս ընտրությունները բացահայտել են նաև արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող խնդիրները. ուռճացված ընտրացուցակները, ընտրակաշառքը, ընտրախախտումների պատշաճ շտկման բացակայությունը, ինչպես նաև բազմակի քվեարկության մասին հաղորդագրությունները խարխլել են վստահությունը պետական կառույցների և կազմակերպությունների նկատմամբ: Հույժ կարևոր է, որ 2013-ի ընտրությունները, որոնց ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը պայքար կմղի նախագահական երկրորդ ժամկետում ընտրվելու համար, դառնան «Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ընտրությունները», ինչպես նախագահն արդեն խոստացել էր՝ նկատի ունենալով 2012 թվականին անցկացված ընտրությունները», - նշված է հաղորդագրությունում:

Միջազգային ճգնաժամային խումբը գրում է նաև, որ չնայած նախագահը սկզբում ձեռնարկել է համարձակ քայլեր, որոնցից ամենանշանակալիցը եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված փորձը, սակայն ավելի մեծ փոփոխությունների իրականացումը դանդաղ է եղել: «Այն համակարգում, որտեղ միաձուլված են բիզնեսն ու քաղաքականությունը և չկա թափանցիկություն, արմատական փոփոխությունների իրականացման համար քաղաքական համարձակություն է անհրաժեշտ», - նշված է զեկույցում:

Կազմակերպությունը գրում է նաև, որ Հայաստանի տնտեսությունը մնում է «հիվանդագին կերպով կախած» արտերկրից կատարվող փոխանցումներից, իսկ արտագաղթի և սեզոնային միգրացիայի ցուցանիշներն անհանգստացնող չափեր են պահպանում:

«Ձեռնարկվել է բարձր մակարդակներում առկա կաշառակերության դեմ պայքարի մի քանի լուրջ փորձ: Գործադիր իշխանությունը մինչ այժմ ունի մեծ և գրեթե չկարգավորվող իշխանություն: Դատական համակարգը չի համարվում ո՛չ անկախ, ո՛չ էլ բանիմաց, իսկ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները հիմնականում անարդյունավետ են: Լրատվամիջոցների ազատությունը բավարար չէ. դրա վառ օրինակը Հայաստանի բնակչության հիմնական մասի համար լուրերի աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունում բազմազանության բացակայությունն է», - ասված է զեկույցում:

Միջազգային ճգնաժամային խմբի համաձայն, այս թերությունները վերացնելու և ազատ ու արդար ընտրությունների համար հիմք ստեղծելու նպատակով նախագահը պետք է առաջնորդի իշխանություններին՝ քրեական նոր օրենսգրքի ընդունման, կոռումպացված և ընտրախախտումներ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, քաղաքացիական բնակչության կողմից ոստիկանության և դատական մարմինների վերահսկողությունն ամրապնդելու գործում, իսկ միջազգային գործընկերները պետք է տրամադրեն տեխնիկական և ֆինանսական աջակցություն և պատասխանատվության ենթարկեն կառավարութունը՝ բարեփոխումների ցանկացած հետընթացի համար:

«Նախագահ Սարգսյանի առջև, 2013 թվականի ընտրություններին ընդառաջ, բացված է «հնարավորությունների պատուհան»՝ դրսևորելու պետական մտածողություն և Հայաստանում կյանքի պայմանները բարելավելու համար: Անհապաղ անհրաժեշտություն ունեցող և երկարաժամկետ կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում թերանալը բարենպաստ չի լինելու ո՛չ Հայաստանի հզորության, ո՛չ էլ նախագահական պատշաճ ընտրապայքար անցկացնելու համար», - եզրափակելով մամուլի հաղորդագրությունը՝ նշել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
XS
SM
MD
LG