Մատչելի հղումներ

Թուրքիայի կառավարությունը քննարկելու է ռազմական օդանավի վրա Սիրիայի կողմից իրականացված հարձակումը


Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու է իր ռազմական օդանավերից մեկի վրա Սիրիայի ուժերի կողմից իրականացված հարձակումը: Անկարան պնդում է, որ այս հարձակումն իրականացվել է միջազգային օդային տարածքում առանց նախազգուշացման:

Այս հանդիպումից մեկ օր անց կանցկացվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանորդների հետ խորհրդակցությունները, որոնք հրավիրվել են Թուրքիայի դիմումի համաձայն՝ հիմք ընդունելով Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների միմյանց անվտանգությունն ու սահմանները պաշտպանելու պարտավորությունը:

Սակայն Դեռևս հայտի չեն Թուրքական ռազմական օդանավի կործանման բոլոր մանրամասները: Թուրքիան պնդում է, որ ռազմական օդանավն իրականացնում էր առանց զենքի վարժանք և մի պահ հայտնվել է Սիրիայի օդային տարածքում, սակայն խփվել է Սիրիայի սահմանից հեռանալուց մի քանի րոպե անց։ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ օդանավի ուղղությամբ կրակ է բացվել այն պատճառով, որ օդանավի թռիչքն իրականացվում էր ափին չափազանց մոտ՝ խախտելով Սիրիայի օդային տարածքը:

Արևմուտքի պետությունները խիստ քննադատության են ենթարկել Սիրիայի կողմից իրականացված հարձակումը:

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը «լկտի գործողություն» է անվանել հարձակումը:

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հորդորել է Թուրքիային հանգստություն պահպանել՝ նշելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա գործադրվող ճնշումը:

Հարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի միջև սկսեցին լարվել անցյալ տարի, երբ Թուրքիան դատապարտեց Սիրիայում ապստամբություն սկսած ժողովրդի դեմ արյունոտ գործողություններ սկսելու Սիրիայի կառավարության քայլը։ Սիրիան իր հերթին քննադատել է Թուրքիային ապստամբների ուժերին ապաստան, ինչպես նաև վերջիններիս սպառազինություն և հետախուզական տեղեկություններ տրամադրելու համար:
XS
SM
MD
LG