Մատչելի հղումներ

Աբորտ կատարելու իրավունքի հարցը հայտնվել է ԱՄՆ նախընտրական պայքարի կենտրոնում


Հղիության արհեստական դադարեցման կողմնակից և ընդդիմադիր ցուցարարները՝ Վաշինգտոնում ԱՄՆ Գերագույն դատարանի առջև
Հղիության արհեստական դադարեցման կողմնակից և ընդդիմադիր ցուցարարները՝ Վաշինգտոնում ԱՄՆ Գերագույն դատարանի առջև

Աբորտ կատարելու իրավունքի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավում: Սպիտակ տան ղեկավարը մեղադրում է իր քաղաքական հակառակորդ Դոնալդ Թրամփին՝ հղիության արհեստական ընդհատումը սահմանփակող նահանգային օրենսդրության ընդունմանը նպաստելու մեջ: Թեև այս հարցում Թրամփն ավելի չափավոր դիրքորոշում է որդեգրել, քան Հանրապետական կուսակցության որոշ անդամներ։

Ջո Բայդենը Ֆլորիդայում էր՝ նախընտրական հանդիպումների, և խոսել է հղիության արհեստական ընդհատումը սահմանփակող օրենքներից մի նահանգում, ուր շուտով ուժ կստանա աբորտներն արգելող օրենքը:

«Այն քրեականացնում է մարդու վերարտադրողականությանն ուղղված խնամքը, և սա տարօրինակ է»,- հայտարարել է նախագահ Բայդենը:

Ի համեմատ ԱՄՆ այլ նահանգների՝ Ֆլորիդայում ընդունված օրենքը ամենից շատ սահմանափակումներ ներառողն է, ինչը, կարծես, դարձել է նահանգի պահպանողական-հանրապետական ղեկավարների հաղթաթուղթը՝ ասում է Մայամիի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քերոլայն Մալա Քորբինը․ «Այն մարդկանց համար, ում կրոնը սովորեցրել է, թե կյանքը սկսվում է բեղմնավորման պահից, և, հետևաբար, հղիության ժամանակ առկա [պտուղը] համարժեք է մարդուն, այս որոշումն ակնհայտ հաղթանակ է»:

Ֆլորիդայի օրենքը քաղաքական մարտահրավեր է Դոնալդ Թրամփին, ում խոսքով, նահանգում ընդունվածը «շատ հեռու գնացել»։ Բայց ԱՄՆ նախկին նախագահը նաև հիշեցնում է աբորտի դեմ հանդես եկող ընտրողներին, որ հենց ինքն է վերջ է դրել արհեստական հղիությունը պաշտպանող դաշնային օրենսդրությանը՝ ԱՄՆ գերագույն դատարանում արված նշանակումների միջոցով: Երկրի բարձրագույն դատական ատյանի դատավորները, ուր մեծամնասնությունը պահպանողական հայացքների տեր է, չեղարկեցին աբորտ կատարելու իրավունքը պաշտպանող դաշնային օրենսդրությունը, որը հայտնի «Ռոն ընդդեմ Ուեյդի» անվամբ:

Նման իրավիճակը Բայդենի թիմը դիտարկում է որպես հնարավորություն:

«50 տարի առաջ դատարանը վճռեց, որ գոյություն ունի [աբորտ կատարելու] իրավունք: Բայց երկու տարի առաջ այդ իրավունքը չեղարկվեց: Եկեք, իրոք, անկեղծ ասենք, որ կա մեկը, ով պատասխանատու է այս մղձավանջի համար, և նա խոստովանեց այդ ու պարծենում է դրանով։ Խոսքը Դոնալդ Թրամփի մասին է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն, իրոք, դրական է արտահայտվում ԱՄՆ գերագույն դատարանի նշված որոշման վերաբերյալ․ ««Ռոն ընդդեմ Ուեյդի» օրենքի շուրջ 50-ամյա ճակատամարտը դուրս բերվեց դաշնային տիրույթից և հանձնվեց նահանգների մարդկանց սրտերին, մտքերին և քվեներին: Այժմ նահանգները իրենք պետք է որոշեն ճիշտ քայլերը»:

Սակայն, փաստորեն, խնդիր է առաջանում, երբ նահանգները դիմում են այնպիսի քայլերի, որոնց հետ Թրամփը համաձայն չէ։ Օրինակ՝ Ֆլորիդան, կամ Արիզոնան, ուր նահանգի գերագույն դատարանը հաստատեց դեռ 1800-ական թվականներին ընդունած օրենսդրությունը աբորտների ամբողջական արգելքի մասին:

Արիզոնայի և Ֆլորիդայի ընտրողներն, անշուշտ, հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնել առաջիկա ընտրություններում:

«Ինչպես Ռոնալդ Ռեյգանը, կողմնակից եմ օրենքում բացառություններ անելուն [և թույլատրել աբորտը] բռնաբարության, ինցեստի և մոր կյանքին վտանգ սպառնացող դեպքերի ժամանակ: Այս հարցում պետք է հետևեք ձեր սրտին, բայց հիշեք, որ նաև պետք է հաղթեք ընտրություններում՝ վերականգնելու մեր մշակույթը և փրկելու մեր երկիրը, որն այսօր անկում է ապրում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Ըստ դիտորդների, Բայդենը փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը։

«Դոնալդ Թրամփն անհանգստացած է, որ ընտրողները պատրաստվում են իրեն պատասխանատվության ենթարկել իր ստեղծած դաժանությունների և քաոսի համար: Թրամփի համար վատ լուրն այն է, որ մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու»,- ասել է Բայդենը:

Որպես աբորտի իրավունքին առնչվող քայլ՝ Բայդենի գլխավորած վարչակազմն այս շաբաթ նախաձեռնեց խստացնել բժշկական գրառումների գաղտնիությունը՝ պետական գործերով ճանապարհորդող մարդկանց համար: Նպատակը կանանց պաշտպանելն է, որոնք ապրում են այն նահանգներում, ուր աբորտն արդեն անօրինական է և նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

XS
SM
MD
LG