Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այդ երկրի պաշտպանության նախարարության և Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործված հրթիռների ու անօդաչուների արտադրությանն առնչվող անձանց և կազմակերպությունների դեմ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ անցած շաբաթ Իսրայելի նկատմամբ Իրանի հարձակումից հետո:

«Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանն իրականացրեց հրթիռային և անօդաչուների ամենից լայնածավալ հարձակումն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու գործընկերների հետ պաշտպանեց Իսրայելին։ Օգնեցինք հետ մղել այդ հարձակումը, և այսօր պատասխանատվության ենք ենթարկում Իրանին՝ նոր պատժամիջոցների սահմանմամբ»,- ասված է Բայդենի անունից տարածված Սպիտակ տան հայտարարությունում:

Պատժամիջոցներն ուղղված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այդ երկրի պաշտպանության նախարարության, ինչպես նաև հրթիռների և անօդաչուների ստեղծման գործում առնչություն ունեցած անհատներին ու կազմակերպություններին։

Բայդենն ընդգծել է, որ Մեծ յոթնյակի երկրների հետ միասին ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ՝ մանրամասնելով, թե Վաշինգտոնն ու դաշնակիցներն արդեն իսկ կիրառել են և կներկայացնեն լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք ուղղված են սահմանափակելու Իրանի ռազմական ծրագրերը։

Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 600 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանին աջակցող ուժերի՝ «Համասի», «Հեզբոլլահի», հութիների և այլոց նկատմամբ։

«Շարունակեելու ենք գործել նույն ոգով։ Հանձնարարել եմ իմ թիմին, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը, շարունակել պատժամիջոցներ կիրառումը, որոնք էլ ավելի կթուլացնեն Իրանի ռազմական արդյունաբերությունը»,- ասել է նախագահ Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է պաշտպանել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական անձնակազմներին ու տեղի գործընկերներին ու չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն Իրանին և նրա կողմնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար:

XS
SM
MD
LG