Մատչելի հղումներ

Մինչ Բայդենը շարունակում է իր քարոզարշավը, Թրամփը Նյու Յորքի դատարանում է


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

Երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը։ Փոխարենը, Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը մեկնել է Ֆլորիդա նահանգ, ուր նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է հանդես գալ աբորտ կատարելու իրավունքների պաշտպանության օգտին։

Երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, որին մեղադրում են երբեմնի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին գաղտնի վճարելու համար, որպեսզի վերջինս հրաժարվեր 2016 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախօրեին հրապարակայնացնել իր ու Թրամփի միջև դեռ 2006 թվականին եղած ենթադրյալ արտաամուսնական կապը։

Դենիլսին առնչվող մեղադրանքները միակը չեն։ Ընդհանուր առմամբ, Թրամփին ներկայացվել է 34 քրեական մեղադրանք՝ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ իր հետ արտաամուսնական կապեր ունեցած երկու կանանց արված վճարումները թաքցնելու համար: Թրամփը, ով այս տարվա նախագահական ընտրություններում հանրապետականների փաստացի թեկնածուն է, հերքել է մեղադրանքները:

Նյու Յորքում Թրամփի նկատմամբ դատավարության ֆոնին՝ Բայդենը մեկնել է Ֆլորիդա
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

«Սա վհուկների որս է։ Փորձում են վնասել [իմ] քարոզարշավին, որն ուղղված է [ԱՄՆ] պատմության ընթացքում [երկիրը կառավարած] ամենից վատ նախագահի դեմ: Բայդենը մեր երկրի պատմության ամենավատ նախագահն է, և նրանք կարծում են, որ միայն այս կերպ կարող են հաղթել։ Բայց դա չի ստացվի»,- հայտարարել է Թրամփը:

Եղանակային վատ պայմանները հարկադրեցին Թրամփին չեղարկել անցած շաբաթ-կիրակի Հյուսիսային Կարոլինայում ծրագրված հանրահավաքը։

Իրեն պատկանող Truth Social սոցհարթակում շաբաթ օրը Թրամփը փորձեց հիմնավորել, թե ինչու պետք է իրեն «նախագահական անձեռնմխելիություն» շնորհվի՝ համապետական ընտրություններին ընդառաջ:

«Ինչ վերաբերում է ընտրողներին․․․, այս ամենը քիչ կապ ունի Դոնալդ Թրամփի կողմնակիցների հետ, քանի որ նրանցից շատերն ունեն ավտորիտար մտածելակերպ, և նրանցից շատերը կցանկանային, որ նա կարողանար անել այն, ինչ կարող է՝ որպես նախագահ»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Թոդ Բելթը:

Զուգահեռաբար՝ իր քարոզարշավն առաջ տանող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է ձեռնպահ մնալ քաղաքական մրցակցի իրավական խնդիրներին անդրադառնալուց։ Ուրբաթ նա հանդես եկավ էներգետիկ ոլորտի աշխատակիցների արհմիության առջև:

«Իմ նախորդը հետ կանգնեց ամերիկացի աշխատավորների պաշտպանությունից: Նա դեմ էր դաշնային նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Նաև շատ հպարտ է, որ կարողացել է 2 տրիլիոն դոլարով կրճատել հարկերը, երբ նախագահ էր, ինչը մեծապես օգուտ բերեց հարուստներին, ընդլայնեց կորպորացիաները և մեծացրեց [մեր] պետական պարտքը»,- հայտարարել է Բայդենը:

Ջորջթաունի համալսարանի դոցենտ Հանս Նոելի խոսքով, ԱՄՆ արհմիությունների անդամներն աստիճանաբար դառնում են այն տատանվող ընտրազանգվածը, որի համար սուր պայքար է սպասվում Բայդենի ու Թրամփի միջև։

«Հայտնի է, որ Դեմոկրատական կուսակցությունը նախկինում աջակցել է [արհմիությունների] նպատակների իրականացմանը, և սա այս օրերին պետք է հիշեցնի Բայդենը, եթե ցանկանում է գրավել նրանց ձայները: Թրամփը նույնպես շարժվում է դեպի այդ ընտրազանգված՝ մի փոքր այլ ուղերձով՝ ներգաղթի, մշակույթի մասին»,- ասում է Նոելին:

Թրամփն այս շաբաթ հարկադրված է ներկա գտնվել Նյու Յորքում իր դեմ մեկնարկած դատաքննությանը: Ըստ նրա նախընտրական թիմի, ԱՄՆ նախկին նախագահի առաջիկա հանդիպումը ընտրողների հետ կկայանա մայիսի 11-ին Նյու Ջերսի նահանգի Ուիլդվուդ քաղաքում:

Բայդենի նախընտրական շտաբից «Ամերիկայի ձայնին» փոխանցել են, որ ԱՄՆ նախագահը երեքշաբթի ելույթ կունենա Ֆլորիդա նահանգի Թամպա բնակավայրում՝ կենտրոնանալով աբորտ կատարելու իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

XS
SM
MD
LG