Մատչելի հղումներ

Իրանը ահաբեկչության գլխավոր հովանավոր


Իրանը ահաբեկչության գլխավոր հովանավոր
Իրանը ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ահաբեկչության մասին իր տարեկան զեկույցը: Մեկ անգամ ևս Իրանը գլխավորում է աշխարհի` “ահաբեկչությունը հովանավորող ամենաակտիվ պետությունների” ցանկը:

Դեսպան Դել Դեյլին`ԱՄՆ-ի արտգործնախարարության հակաահաբեկչության վարչության պետը, մեկնաբանել է Իրանի վարչակարգի դերը մի շարք ահաբեկչական գործողություններում.

“Իրանն օգնություն է ցուցաբերում Պաղեստինի ահաբեկչական խմբերին, Լիբանանում Հեզբոլլահին, Իրաքի ապստամբ գրոհականներին և Աֆղանստանում Թալիբանի ուժերին: Չնայած Իրաքի կայունությանը աջակցելու իրենց խոստումներին, Իրանի իշխանությունները շարունակում են զինամթերք, վերապատրաստում, ֆինանսավորում և ուղեցույցներ տրամադրել Իրաքում որոշ զինված խմբերի, որոնց հարձակումների թիրախներն են կոալիցիոն և Իրաքի անվտանգության ուժերը, ինչպես նաև Իրաքի քաղաքացիական բնակչությունը:”

Պարոն Դեյլին ասել է, որ Իրանը նաև համակարգում է իր գործողությունները զինակից Սիրիայի հետ, որը նույնպես ահաբեկչությանը սատարող պետություն է, և աջակցում է Լիբանանի ընտրված կառավարության նկատմամբ ճնշումներին:

Իրանի վարչակարգի քաղաքականությունը ներկայումս Իրանում բնակվող Ալ Քայդայի անդամների նկատմամբ մտահոգության լրացուցիչ առիթ է տալիս: Արտգործնախարարության զեկույցի համաձայն`2007թ. ընթացքում Իրանը պատրաստակամություն չի ցուցաբերել արդարադատության ենթարկել Իրանում կալանված Ալ Քայդայի ավագ անդամներին և հրաժարվել է հրապարակել կալանքի տակ գտնվողների ինքնությունը: Իրանը բազմիցս հրաժարվել է արձագանքել Ալ Քայդայի անդամ-կալանավորներին հարցաքննության կամ դատավարության նպատակով իրենց կամ երրորդ երկրներ տեղափոխելու բազմաթիվ կոչերին: Զեկույցում նաև նշվում է, որ Իրանը դարձյալ չի վերահսկել Ալ Քայդայի որոշ այն անդամների գործողությունները, ովքեր Իրան էին փախչել Աֆղանստանում Թալիբանի վարչակարգի փլուզումից հետո:

Բացի Իրանից և Սիրիայից, Կուբան, Հյուսիսային Կորեան և Սուդանը նույնպես դասվել են որպես ահաբեկչություն հովանավորող պետություններ: Համաձայն զեկույցի` ֆինանսներ, զինամթերք և ապաստան տրամադրելու հետ մեկտեղ ահաբեկչություն հովանավորող որոշ պետություններ նաև զանգվածային ոչնչացման զենքեր մշակելու հնարավորություն ունեն. զենքեր, որոնք կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքերում: Ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի ձեռբերման և օգտագործման հնարավոր վտանգը Ամերիկայի Միացյալ Նահանգների և աջակից պետությունների անվտանգության ամենամեծ խնդիրներից է: ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ այդ պետությունները դադարեցնեն իրենց աջակցությունը ահաբեկչական խմբերին, նշվում է զեկույցում:
XS
SM
MD
LG