Մատչելի հղումներ

Ռուսաստանի ազատ ժողովուրդների ֆորում. ձգտումներ, մարտահրավերներ և ապագայի սցենարներ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում

«Հետ-ռուսաստանյան ազատ ժողովուրդների ֆորումում» քննարկվել են այդ երկրի մաս կազմող ազգերի կողմից անկախության ձեռքբերման սցենարները, և թե ինչ հնարավոր արձագանք կցուցաբերի Արևմուտքը Ռուսաստանի արմատական վերափոխմանը։

Յուրաքանչյուր ոք, ով ավարտել է դպրոցը ԽՍՀՄ-ում, ծանոթ է «ժողովուրդների բանտ» արտահայտությանը, որն օգտագործվում էր Ռուսական կայսրության վերաբերյալ՝ ցարական ռեժիմի դեմ պայքարող բազմաթիվ գործիչների կողմից, այդ թվում՝ Վլադիմիր Լենինի գլխավորած բոլշևիկների:

Արտահայտությունը պատկանում է ֆրանսիացի գրող և ճանապարհորդ Ասթոլֆ դը Կյուստինին, ով իր՝ «Ռուսաստանը 1839 թվականին» գրքում առաջին անգամ օգտագործեց այն՝ նկարագրելով ցարական քաղաքականությունը Ռուսաստանի բնիկ ժողովուրդների նկատմամբ։

Խորհրդային դպրոցը բացատրում էր, թե ԽՍՀՄ-ն էր, որ «Ռուսաստանի ժողովուրդներին», ներառյալ՝ ռուսներին, բերեց «լիակատար ազատություն և հավասար իրավունքներ», սակայն Խորհրդային Միության փլուզումը և հետագա հակամարտությունները նախկին միութենական հանրապետություններում, որոնք դարձան անկախ պետություններ, ցույց տվեցին, թե, իրականում, խորհրդային տարիներին որքան էին անտեսվում «կոմունիզմ կերտած» երկրում ապրող ազգերի խնդիրները։

Կրեմլի պատերազմն Ուկրաինայի դեմ նպաստում է Ռուսաստանից անջատվելու շարժումների ծագմանը

Չնայած Ռուսաստանում անջատողականության վերաբերյալ կոչերը համարվում են հակասահմանադրական և հետապնդվում են օրենքով, Ռուսաստանի փլուզման հեռանկարները բազմիցս քննարկվել են տարբեր արտասահմանյան հարթակներում՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր՝ այն դարձել է մոլորակի ամենամեծ երկրի ապագայի վերաբերյալ քննարկումների գլխավոր թեմաներից:

Այս ապրիլի 16-ին Վաշինգտոնում՝ Ջեյմսթաուն հիմնադրամի հովանու ներքո հավաքվել էին ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքագետներ ու փորձագետներ՝ քննարկելու Ռուսաստանի փլուզման հավանականությունն ու հնարավոր հետևանքները։

«Հետ-ռուսաստանյան ազատ ժողովուրդների ֆորումը», որը ձևավորվել է 2022 թվականի մայիսին՝ արտերկրում գործող ռուսաստանյան ու ուկրաինական համայնքների ներկայացուցիչներից, նպատակ ունի Ռուսաստանի տարածքում հիմնել մի քանի անկախ և ազատ պետություններ։

«Մեր հիմնական նպատակն է՝ խելագարության հասած կայսրության փոխարեն հիմնել 41 անկախ, ազատ, զարգացած և հաջողակ պետություններ»,- ասված է Ֆորումի կայքում:

Կիևի դեմ Մոսկվայի լայնածավալ ագրեսիայից հետո ֆորումի հիմնական թեման դարձավ «ապագաղութացումն ու օկուպացիայից ազատագրումը»։

Ֆորումի մասնակիցներն նպատակ հռչակեցին՝ «Ռուսաստանի վերակառուցում և կառուցվածքային վերափոխում, պատմամշակութային տարածքների և շրջանների տնտեսական և քաղաքական զարգացում, քաղաքացիական իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացում, ժողովուրդների բարեկեցություն»:

Ֆորումը նաև հայտարարեց իր առաջնահերթությունների մասին՝ «հրաժարում կայսրությունից, ապագաղութացում, ապապուտինացում, դենացիֆիկացիա, ապառազմականացում և Ռուսաստանի միջուկային զենքի վերացում»:

Աշխարհը Ռուսաստանի փլուզումից հետո․ ֆորումի սցենարները

Լեհաստանից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան, ում խոսքով, իր երկիրը Եվրոպայի խոշոր տերությունների կողմից ճնշումների ենթարկվելու ու մասնատվելու երկար պատմություն ունի, նշեց, թե իր ու Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի բազմաթիվ ներկայացուցիչների համար, «ակնհայտ է, որ Ուկրաինայում պատերազմի արդյունքը պետք է դառնա Ռուսաստանի ժողովուրդների ազատությունը», քանի որ Ռուսաստանում շատերն «իրոք, ձգտում են ազատության, անկախության և ինքնորոշման»:

Ֆոտիգան, մասնավորապես, ասաց․ «Կասկածից վեր է, որ ներկայում Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող երկրները քայլ առ քայլ ձեռք կբերեն ավելի մեծ անկախություն։ Միգուցե, նրանցից ոմանք կրկին ձգտեն Մոսկվայի հետ դաշինքի, բայց դա պետք է արվի բոլորովին այլ հիմքերով և սկզբունքներով, ինչը թույլ կտա նրանց զարգանալ իրենց ազգային նպատակներին համապատասխան»։

Ըստ ֆորումի, ապագայում անկախ պետություններ կարող են լինել՝ Թաթարստանը, Ուրալի Հանրապետությունը, Սախան, Բաշկորտոստանը, Սիբիրի Միացյալ Նահանգները, Կարելիան, Չերքեզիան, Ինգրիան, Բալթյան Հանրապետությունը (Կալինինգրադի մարզը), Ինգուշեթիան, Բուրյաթիան, Խաղաղօվկիանոսյան Դաշնությունը, Նոգայ Էլը, Տիվան, Չուվաշիան, Դոնի Հանրապետությունը, Տյումեն-Յուգրան, Կոմին, Տվերի Հանրապետությունը, Ալթայը, Կուբանը, Վոլգայի Դաշնությունը, Բյարմիան, Իրիստոնը, Նովգորոդի Հանրապետությունը, Սմալանդիան, Զալեսիայի Դաշնությունը, Խակասիան, Պսկովի Հանրապետությունը, Կումիկիան, Կոլանդիան (Մուրմանսկի շրջան), Սևահողի Հանրապետություն և այլն։

Ֆորումին ներկա Ռուսաստանի նշված շրջանների ներկայացուցիչները պատմեցին երկրում ազատության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։

Բուրյաթիայի ազգային շարժման առաջնորդ Ռաջանա Դուգար-ԴեՊոնտեն նկարագրեց, թե իր հայրենիքում «ռուսական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող ընկերությունները ինչպես են տեղի ձեռներեցներից զավթել ոսկու արդյունահանումը»:

Ուդմուրտիայի ազգային շարժման ակտիվիստ Արտեմ Մեդվեդևը պատմեց, թե ինչպես են «ոչնչացնում իր մայրենի լեզուն և ավանդույթները», իսկ Իչկերիայի Չեչենական Հանրապետության կառավարության ղեկավար Ասեթ Սաբդուլաևան և Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հանձնաժողովի ղեկավար Շամիլ Ալբակովը հիշեցրեցին «ռուսական զորքերի հանցագործությունները Հյուսիսային Կովկասում՝ Չեչնիայի երկու պատերազմների ժամանակ, որոնք խլեցին տասնյակ հազարավոր կյանքեր և հարյուր հազարավոր մարդկանց փախստական դարձրեցին»։

«Ուրալի Հանրապետություն» ասոցիացիայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Աֆանասևը խոսեց Կրեմլից անկախություն նվաճած ապագա պետությունների մասին՝ կոչ անելով Ռուսաստանում բնակվող ժողովուրդներին «համախմբվել Ուրալի և Արևմտյան Սիբիրի քաղաքների, շրջաններ շուրջ, ուր կենտրոնացած են այսօրվա Ռուսաստանի բնական պաշարների մեծ մասը և հսկայական արդյունաբերական ներուժ»:

Նիկիտա Անդրեևը, որը ներկայացնում է «Ազատ Յակուտիա» հիմնադրամը, Բատիր Բորոմանգնաևը «Օյրատ Հանրապետություն» շարժումից (Կալմիկիա) և այլոք նույնպես խոսեցին Ռուսաստանից անջատվելու տնտեսական ու քաղաքական հեռանկարների մասին։

Կալինինգրադի մարզից Ռուստամ Վասիլևը ներկայացրեց Բալթյան Հանրապետության հայեցակարգը։

Ռուսաստանի հարևան երկրների ներկայացուիցչները, որոնք նույնպես ներկա էին ֆորումին, խոսեցին կայունության, խաղաղության և բազմաթիվ խնդիրների լուծման մասին, ուրոնց կարող է հանգեցնել Ռուսաստանի ձևափոխումը:

Յանուշ Բուգայսկին թվարկեց փաստարկները, թե ինչու պետք է Ռուսաստանը արմատական վերափոխման ենթարկվի։

Ատաջին՝ Ռուսաստանի ձևափոխումը կնպաստի Եվրոպայում անվտանգության ապահովմանը, քանի որ Կրեմլն այլևս չի կարողանա ագրեսիվ պատերազմներ վարել։ Մոսկվայից Եվրոպայի էներգետիկ կախվածությանը վերջ կդրվի, քանի որ Ռուսաստանը կկորցնի բնական պաշարների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Քաղաքական կոռուպցիայի վերացում, քանզի Կրեմլն այլևս չի ունենա ֆինանսական նման հնարավորություններ։ Կրեմլի քարոզչամեքենայի տապալում․ Մոսկվան կկորցնի ապատեղեկատվական պատերազմներ վարելու ունակությունը։ Կհիմնվեն միջտարածաշրջանային առևտրային նոր կապեր՝ դուրս Կրեմլի վերահսկողությունից։ Նորանկախ պետությունների միջև հումանիտար և մշակութային նոր կապերի զարգացում։ Դյուրին կդառնա նոր պետությունների մերձենալը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Ժողովուրդների մշակութային զարգացում։ Ժողովրդավարական նոր պետությունների առաջացում և նման երկրների միջև նոր դաշինքների ստեղծում, այդ թվում՝ անդրատլանտյան ձևաչափով։

Ֆորումի ակտիվիստները՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Դունդան և ռուսաստանցի ընդդիմադիր, Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարևը կարծիք հայտնեցին «Ռուսաստանի փլուզման անխուսափելիության» մասին՝ վկայակոչելով պատմական օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ժողովրդավարական երկրներն առաջացել և հաջողությամբ զարգացել եվրոպական կայսրությունների փլատակների վրա:

Ֆորումի բանախոսների կարծիքով, Մոսկվայի նկատմամբ մարզերում առկա թշնամանքը Կրեմլի կայսերական քաղաքականության հետևանք է և կարող է դառնալ Ռուսաստանի կազմալուծմանը նապստող ուժ։

«Բացի այդ, այսօրվա «ռուսական կայսրությունը» միայն Մոսկվան է և նրա շրջակայքը։ Հավատացե՛ք՝ նույնիսկ Եկատերինբուրգի, Խաբարովսկի, Նովոսիբիրսկի ներկայացուցիչները «ռուսական ինքնություն» չունեն, էլ չեմ խոսում Տիվայի կամ Բաշկորտոստանի մասին»,- ասաց Դունդան։

Նա աևդրադարձավ «միջուկային զենքի տարածման սպառնալիքի թեմային» և Արևմուտքի մտավախություններին, թե այդ սպառազինությունը կարող է հայտնվել չարամիտ ուժերի ձեռքում։

Ըստ Օլեգ Դունդանի Պրիգոժինի ապստամբությունը ցույց տվեց, որ ռուսական միջուկային զենքի անվերահսկելի տարածումը քիչ հավանական է, քանի որ ապստամբության հաջողության դեպքում այդ սպսռազինության նկատամամբ վերահսկողությունը կանցներ Պրիգոժինի մարդկանց։

Իլյա Պոնոմարևը խոսեց Ռուսաստանում «ստվերային խորհրդարան» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կլինի շատ ավելի ներկայացուցչական է, քան Պետդուման է։

Նա առաջարկեց ստորագրել ընդհանուր հռչակագիր, ըստ որի «Ռուսաստանի տարբեր շրջանների, ժողովուրդների, էթնիկ խմբերի ներկայացուցիչներ կարող են համատեղ պայքարել ավտորիտար կառավարության դեմ և միասին հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ»։

Հարցին, թե, իր կարծիքով, ինչ է հետևելու հաջողությանը, Պոնոմարևը պատասխանեց, որ «ժողովուրդներն իրենք կորոշեն՝ մնա՞լ և ստանա՞լ լայն ինքնավարություն, թե՞ դուրս գալ Ռուսաստանի կազմից»:

Ինչ խնդիրներ են տեսնում ամերիկացի փորձագետները Ռուսաստանի փլուզման դեպքում

Ֆորումին մասնակցող ԱՄՆ պետքարտուղարության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Գոբլը ասաց, որ Ռուսաստանին կարող է սպասել Օսմանյան կայսրության ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, փլուզվեց։ Վերլուծաբանը հորդորեց՝ «պետք է պատրաստ լինել նման իրադարձության»։

«Կցանկանայի տեսնել, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը շատ ավելի հեռանկարային քաղաքականություն են վարում, բայց իմ սեփական փորձը՝ 1991 թվականի իրադարձությունների համատեքստում հուշում է, որ քիչ հավանական է: Հասկանալ, թե ինչու են հորիզոնում ուրվագծվող իրադարձությունները լինելու տարբեր ու ավելի վատ, քան 1991 թվականի իրադարձություններն էին, կարևոր է ոչ միայն խնդրին առնչություն ունեցող պետությունների համար, որոնք կարող են կանգնել շատ ավելի մեծ մարտահրավերների առջև, քան երեք տասնամյակ առաջ։ Այն ժամանակ մեզնից շատերը ցանկանում էին կոմունիզմի դեմ հաղթանակը հռչակել «պատմության վերջ» և ակնկալում էին օգուտներ քաղել այդ ամենից։ Բայց այն ժամանակ ո՛չ պատերազմ կար, ո՛չ էլ Պուտին։ Երկրորդ՝ ոչ թե էթնիկ պատկանելությունն է լինելու հիմնական գործոնը, այլ որևէ տարածաշրջանին պատկանելը։ Ամենամեծ խնդիրը հաշվի չառնելն է, որ «ռուս ժողովրդի միասնությունը» պարզապես առասպել է։ Ողբերգությունն այն է, որ ռուսները դարձան կայսերական ազգ, նախքան պետություն ստեղծելը։ Իսկ այսօր Վլադիվոստոկում ապրող ռուսները տարբերվում են Կալինինգրադի մարզում ապրող ռուսներից, ինչպես ամերիկացիներն ու ավստրալացիները»,- ընդգծեց Փոլ Գոբլը։

Վերլուծաբանի կարծիքով, այն, ինչ կկատարվի, շատ ավելի նման կլինի 1918 թվականին տեղի ունեցածին։

Գոբլը ներկայացրեց «հինգ խորհուրդ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր ցանկանում են ապագայում օգնել Ռուսաստանի ժողովրդին»։

«Առաջին՝ Արևմուտքը պետք է ընդունի, որ սարսափելի սխալ թույլ տվեց 1991 թվականին, երբ հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր գործիչներին հռչակեց ժողովրդավարներ, և հույս ուներ, որ տնտեսական միջոցների սեփականաշնորհումը կլուծի ամեն ինչ, սակայն այն չխոչընդոտեց, որպեսզի Պուտինը ներխուժի Ուկրաինա։ Երկրորդ՝ Ռուսաստանի Դաշնության փլուզումը նշանակում է, որ Ռուսաստանի ժողովուրդը կվերածվի բազմաթիվ ազգերի, տարբեր էթնիկ խմբերի։ Պետք է ընդունել, որ խաղաղություն տանող միակ ճանապարհն այն է, երբ ժողովրդավարությունն ու ազատությունը հասանելի կդառնան այդ ժողովուրդներին: Երրորդ՝ Արևմուտքը պետք է ընդունի, որ ինչ-որ ռուսական պետություն կշարունակի գոյություն ունենալ։ Այսօր չափազանց շատ մարդիկ կան, ովքեր հաճույքով ցույց են տալիս քարտեզներ, որոնց վրա ընդհանրապես ռուսական պետություն չկա։ Մոսկվան, հավանաբար, կպահպանի մայրաքաղաքի կարգավիճակը։ Այն կլինի բավականաչափ մեծ և լավ զինված ու կարող է իրական խնդիրներ առաջացնել մյուսների համար: Սա հիմք է մտորելու, թե ինչ է անհրաժեշտ անել նման զարգացում չունենալու համար։ Չորրորդ՝ և սա, կարծես, դժավարությամբ են հասկանում Արևմուտքում, որ պետք է պարտականություններ ստանձնենք ու ջանք թափենք նման արդյունքի հասնելու համար։ Պետք է այդ ջանքերը դիտարկենք որպես երկարաժամկետ ներդրում՝ կայուն, խաղաղ և ժողովրդավարական աշխարհ ստեղծելու համար: Եվ վերջապես, հինգերորդ՝ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը ռուս ժողովրդի և այլ ժողովուրդների միջև, հատկապես այն շրջաններում, ուր նրանք ապրում են կողք կողքի»։

Ֆորումում քննարկվեց նաև ԱՄՆ ու արևմտյան երկրների քաղաքականությունը ընթացող գործընթացների առնչությամբ։ Ելույթ ունեցավ Վրաստանում և Ղազախստանում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ՝ RAND կորպորացիայի փորձագետ Ուիլյամ Քորթնին, ով հիշեցրեց, «երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Արևմուտքը խորհրդային ժողովրդի մեծամասնությանը վերաբերվեց որպես տոտալիտար կառավարման անմեղ զոհերի»:

«Այս անգամ, եթե փլուզում լինի, Արևմուտքում ավելի զգուշավոր, թերահավատ մոտեցում կցուցաբերենք։ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Ղրիմի անօրինական բռնակցմանը։ Մեծամասնությունը կարող է աջակցել և, հավանաբար, դեռևս աջակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին։ Խորհրդային Միությունը բառացիորեն սնանկացավ Գորբաչովի կառավարման ավարտին: Այս անգամ էլ գործ ունենք թուլացող երկրի տնտեսության հետ։ Այն ժամանակ ընդունեցինք «Ազատության աջակցության ակտը», ապա տրամադրեցինք 2․5 միլիարդ դոլարի օգնություն: Այս անգամ դա տեղի չի ունենա: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ եթե Ռուսաստանը ցանկանում է Արևմուտքի մաս դառնալ, նա պետք է բարեփոխի իրեն»,- ասաց Քորթնին:

«Սակայն, ցավոք սրտի, որոշ բաներ չեն փոխվի։ Օրինակ, արևմտյան, հատկապես՝ եվրոպական բիզնեսը կձգտի վերադառնալ Ռուսաստան՝ ռուսական գազին ու էներգակիրներին հասնելու համար։ Սա վատ է: Պետք է գործենք այն սկզբունքով, որ եթե ռեժիմը չի ազատականանում, ռուսական զորքերը մնում են Ուկրաինայում, ապա պետք է պահպանենք պատժամիջոցները և, հուսանք, որ կպահենք 300 միլիարդ դոլար կազմող ռուսական սառեցված ակտիվները մեր երկրներում»,- հավելեց RAND-ի փորձագետը։

Իր հերթին՝ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը կասկած հայտնեց, որ Ռուսաստանի մասնատումը համապատասխանում է ամերիկյան շահերին․ «Վստահ եմ, որ եթե մենք նման նպատակ դնենք, այն միայն կամրապնդի չարագործների դիրքերը Ռուսաստանում: Դա չպետք է լինի մեր նպատակը: Վտանգը կայանում է նրանում, որ սպառնալիք է ստեղծում ագրեսիվ միջուկային գերտերությունը, որը փորձում է հպատակեցնել Արևելյան Եվրոպան: Հետևաբար, մեր ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի այդ սպառնալիքի դեմ պայքարին, ոչ թե անկանխատեսելի սցենարների քննարկմանը, որոնք կարող են լինել կամ չլինել: ԱՄՆ ներկայիս վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայի հաղթանակը աղետ կլինի, քանի որ մտահոգ է Մոսկվայի միջուկային սպառնալիքից: Սկսենք օգնության փաթեթը ընդունելուց։ Հետո՝ Ուկրաինային կուղարկենք սպառազինություն, որը թույլ կտա հաղթել այս պատերազմում։ Հավատում եմ, որ դա տեղի կունենա: Ռուսաստանում կենտրոնական կառավարությունը կթուլանա, ինչը կհանգեցնի Պուտինի նախագահության ավարտին։ Նման բան եղել է Ռուսաստանի պատմության մեջ»։

Ըստ Հերբստի, եթե Ռուսաստանն իրոք, փլուզվի, ապա Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը «չպետք է գերագնահատեն նման իրադարձության վրա ազդելու իրենց կարողությունը»:

Նախկին բարձրաստիճան դիվանագետը հիշեց ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժամանակաշրջանը և այն, թե ինչպես էր ինքը ԱՄՆ կառավարությանը զեկուցում հետխորհրդային երկրներում Մոսկվայի ապակառուցողական քաղաքականության մասին, չնայած այն ժամանակվա ամերիկյան վարչակազմի շատ պաշտոնյաներ չէին ցանկանում լսել այդ մասին․ «Ինձ չհորդորցին լռել։ Դա լավ էր։ Բայց նրանք ոչինչ չարեցին, երբեք քաղաքական պահանջ չներկայացրեցին Մոսկվային, որը կարող էր կանխել այն խնդիրները, որոնց այսօր բախվում ենք Ուկրաինայում։ Միանգամայն իրատեսական է, որ կարող ենք կրկնել նույն սխալները՝ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից հետո։ Հետևաբար, պետք է հիմա սկսել այս մասին խոսել, կրթել մարդկանց, քաղաքական գործիչներին։ Եթե անգամ պուտինյան ռեժիմը լքի Ուկրաինան, չի նշանակում, որ մենք չենք բախվի նույնին՝ հինգ, տաս կամ տասնհինգ տարի անց»։

Ջեյմսթաուն հիմնադրամի նախագահ Փիթեր Մեթիսը հակադարձեց, որ «ցանկացած երկրի փլուզումը և նմանատիպ պատմական իրադարձությունները հղի են լուրջ հետևանքներով՝ ինչպես այդ երկրի ժողովրդի, այնպես էլ աշխարհի համար»:

«Իհարկե, պետք է զուսպ լինենք՝ իրավիճակի վրա ազդելու մեր հնարավորությունների և կարողությունների գնահատման հարցում, բայց նաև պետք է մտածենք, թե ինչի վրա կարող ենք ազդել։ Ռուսաստանը մի երկիր է, ուր բանակը պատրաստ է կրակել ցուցարարների վրա, և դա մեծապես վերացնում է ժողովրդավարություն հաստատելու հնարավորությունը: Այսինքն, պետք է փորձենք ազդել զինված մարդկանց որոշումների կայացման վրա»,- ասաց Մեթիսը։

Եվրասիա կենտրոնի Ատլանտյան խորհրդի ավագ խորհրդական Դեբրա Քեյգանը դիմեց դահլիճում ներկաներին. «ԱՄՆ-ում, նույնիսկ Կոնգրեսում, զարմանալի տգիտություն է տիրում՝ համաշխարհային պատմությունն, աշխարհագրությունը, էթնիկ պատկանելությունը հասկանալու առումով։ Երբ շատերը փողոցում տեսնում են ցուցարարների, որոնք բարձրաձայնում են «գետից ծով» տարածքների անկախության մասին, կարծում են, թե խոսքը Կարիբյան ծովի մասին է, [այնինչ՝ խոսքը Հորդանան գետի ու Պաղեստինի մասին է]։ Այսինքն, պետք է շատ խոսեք ձեր մասին: Այս վարչակազմին երկար ժամանակ պահանջվեց՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ույղուրների հետ Չինաստանում: Կարծում եմ, Կոնգրեսում մեծ թվով մարդիկ գաղափար չունեն Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների մասին, բացառությամբ Չեչնիայի: Ուրեմն, հորդորում եմ՝ բարձրաձայնեք ձեր գոյության և ձգտումների մասին»:

Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Չինաստանը Ռուսաստանի փլուզման դեպքում

Փիթեր Մեթիսը կարծում է, որ Չինաստանը «կփորձի աջակցել անկում ապրող ռեժիմին», այնուհետև պետք է մտորի՝ «կարո՞ղ է շարունակել այդ աջակցությունը»։

«Չինաստանի գծով մասնագետ չեմ, բայց նկատել եմ, որ Վաշինգտոնում շատերն ասում են, թե երբեք ավելի սերտ հարաբերություններ չենք տեսել Պեկինի ու Մոսկվայի միջև: Չեմ վիճում։ Բայց փաստն այն է, որ չինացի լրագրողները, պատմաբանները, անգամ Իսլամաբադում Չինաստանի դեսպանատան երրորդ քարտուղարը Ռուսաստանի որոշ շրջաններ անվանում են «չինական»: Չինացի մի դիվանագետ, խոսելով Վլադիվոստոկի տարեդարձի մասին, այդ քաղաքը պաշտոնապես անվանեց չինական ձևով։ Չեմ կասկածում, որ Չինաստանը երկարատև նպատակներ ունի»,- ասաց Ջոն Հերբստը:

Ջեյմսթաուն հիմնադրամի նախագահը համաձայնեց Հերբստի դատողությունների հետ։

XS
SM
MD
LG