Մատչելի հղումներ

«Doing Business 2014» զեկույցում Հայաստանը 37-րդ տեղում է


Համաշխարհային բանկի գլխավոր մասնաշենք
Համաշխարհային բանկի գլխավոր մասնաշենք

Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան այսօր հրապարակել են «Doing Business 2014» տարեկան զեկույցը

Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան այսօր հրապարակել են «Doing Business 2014» տարեկան զեկույցը:

Զեկույցում ամփոփ ներկայացված են աշխարհի 189 երկրներում գործարարությամբ զբաղվելու հիմնական տասնյակ ցուցանիշներ, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը, գործարար միջավայրին և բիզնես վարելու կանոններին:

«Doing Business 2014» զեկույցի համաձայն, գործարարության համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծված Սինգապուրում, Հոնկոնգում և Նոր Զելանդիայում: ԱՄՆ-ն այս ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը:

Խորհրդային նախկին պետություններից «Doing Business 2014» զեկույցի առաջին տասը հորիզոնականը զբաղեցնող պետությունների շարքում այս տարի ընդգրկվել է Վրաստանը՝ զբաղեցնելով 8-րդ տեղը և առաջ անցնելով մերձբալթյան երկրներից:

Զեկույցում Լիտվան զբաղեցրել է 17-րդ, Էստոնիայից՝ 22-րդ, իսկ Լատվիան՝ 24-տեղերը:

«Doing Business 2014» զեկույցի համաձայն, Հայաստանն այս տարի զբաղեցրել է 37-րդ տեղը և այս ցուցանիշով առաջ է ԱՊՀ-ի բոլոր պետություններից:

Հայաստանում, ըստ զեկույցի, 2012-2013 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումներից գործարար ձեռնարկության հիմնադրման դյուրացումն է, ինչը հնարվոր է դարձել՝ ընկերությունների գրանցման դիմաց վճարումներ կատարելու պահանջի գործողությունը դադարեցնելու միջոցով:

Բացի դրանից, Հայաստանում, ըստ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի զեկույցի, 2012-2013 թվականներին առավել դյուրին է դարձել հարկերի վճարման գործընթացը՝ միասնական եկամտահարկի ներդրման արդյունքում, որն իր մեջ ներառում է գործատուների և աշխատողների սոցիալական վճարները և անհատների կողմից վճարվող եկամտահարկը:

«Doing Business 2014» զեկույցում ԱՊՀ-ի պետություններից Ղազախստանը զբաղեցնում է 50-րդ, Բելառուսը՝ 63-րդ, Ղրղզստանը՝ 68-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ, Մոլդովան՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 112-րդ, Տաջիկստանը՝ 143-րդ, Ուզբեկստանը՝ 146-րդ հորիզոնականները:

Հայաստանին սահմանակից Թուրքիան և Իրանը զեկույցում զբաղեցրել են համապատասխանաբար 69-րդ ու 152-րդ տեղերը:
XS
SM
MD
LG