Մատչելի հղումներ

Ուորլիք. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանները պահպանելու պարտավորությունը»


«Բարի լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանները պահպանելու պարտավորությունը՝ հատկապես օլիմպիական խաղերի ընթացքում»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանները պահպանելու պարտավորությունը:

«Բարի լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանները պահպանելու պարտավորությունը՝ հատկապես օլիմպիական խաղերի ընթացքում», - ասված է համանախագահ Ուորլիքի «Թվիթեր»-ի էջում:

«Թվիթեր»-ում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքն ավելի վաղ հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շեշտադրում է կատարել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության շարունակության վրա:

«Չնայած որևէ ամսաթիվ դեռևս չի ներկայացվել, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շեշտը դրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության շարունակության վրա», - գրել է Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով. «Երևանում բանակցությունները լավ են անցել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին ընդունել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները Հայաստանի նախագահի հետ քննարկել էին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցերը:

Հայաստանի նախագահը և համանախագահներն անդրադարձել էին նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Հայաստանի նախագահի հետ հանդիպումից մեկ օր առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր էին փոխանակել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ:
XS
SM
MD
LG