Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՄԶԳ-ը երկու նոր դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին


«Հայաստանում ԱՄՆ-ի Դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ-ի ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ապրիլի 16-ին ստորագրեցին երկու դրամաշնորհային համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու և Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով»:

Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունում, որտեղ նշվել է նաև, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչներ:

Ըստ հաղորդագրության, առաջին ծրագրի նպատակն է աջակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թվականին անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաև իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր:

Հաղորդագրությունում նշվել է նաև, որ երկրորդ համաձայնագրով ԱՄՆի ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության և մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման և ավելի լավ համակարգում և արդյունավետություն ապահովելու ծրագրերի մշակման հարցում:

«Երկու ծրագրերը 2010 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ՄԶԳ և Հայաստանի կառավարության կողմից ստորագրված Առողջապահության և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են հանդիսանում», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG