Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նվազեցրել է առևտրի պակասուրդը


ԱՄՆ-ի առևտրի նախարարության տվյալների համաձայն, 2013 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում երկրի առևտրի պակասուրդն ավելի քան 12 տոկոսով ցածր էր 2012 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշից

Միացյալ Նահանգների առևտրի պակասուրդը գրանցել է չորս տարվա ընթացքում ամենացածր մակարդակը, ինչը պայմանավորված է անցյալ տարվա նոյեմբեր ամսին ԱՄՆ-ից արտահանումների ծավալների զգալի աճով:

ԱՄՆ-ի առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն, 2013 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների առևտրի պակասուրդը կազմել է 34 միլիարդ դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է՝ 2009 թվականի հոկտեմբերից:

Միացյալ Նահանգների առևտրի պակասուրդի նվազեցումը պայմանավորված է օտարերկրյա պետություններում ԱՄՆ-ում արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ:

ԱՄՆ-ից հիմնականում արտահանվել են էներգակիրներ, օդանավեր, ավտոմոբիլներ և արտադրական սարքավորումներ:

Առևտրի պակասուրդի նվազեցմանը նպաստել է նաև ներմուծումների ծավալների նվազեցումը:

ԱՄՆ-ի առևտրի նախարարության տվյալների համաձայն, 2013 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում երկրի առևտրի պակասուրդն ավելի քան 12 տոկոսով ցածր էր 2012 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցված ցուցանիշից:

Արտահանումների ավելացումը շարունակում է դրական ազդեցություն գործել աշխարհի ամենախոշոր տնտեսության վրա՝ նպաստելով դրա վերականգնմանը վերջերս տեղի ունեցած տնտեսական անկումից: Փորձագետներից շատերի կանխատեսումներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի տնտեսությունը կշարունակի զարգանալ է՛լ ավելի մեծ արագությամբ:
XS
SM
MD
LG