Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մեկնարկել են ամենամյա զորավարժությունները


Հյուսիսային Կորեայի իշխանությունները սակայն կանոնավոր պնդում են, որ Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները նպատակ ունեն փորձարկելու Հյուսիսային Կորեա ներխուժման ծրագիրը

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը մեկնարկել են ամենամյա համատեղ զորավարժությունները:

Համատեղ զորավարժությունները նպատակ են հետապնդում փորձարկելու Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեմ ստեղծված պաշտպանական համակարգը:

Երկու կողմերի համաձայն, «Ուլչի ազատության պահապան» անվանումը կրող զորավարժությունը պաշտպանական բնույթ ունի: Հյուսիսային Կորեայի իշխանությունները սակայն կանոնավոր պնդում են, որ Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները նպատակ ունեն փորձարկելու Հյուսիսային Կորեա ներխուժման ծրագիրը:

Համակարգիչների աջակցությամբ իրականացվող և մինչև օգոստոսի 31-ը տևող զորավարժություններում կմասնակցի Հարավային Կորեայի մոտ 56 հազար և Միացյալ Նահանգների մոտ 30 հազար զինծառայող:

Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ Ունը շաբաթ օրն այցելել է 2010 թվականին Հարավային Կորեայի սահմանամերձ կղզիների ուղղությամբ կրակ բացած հրետանային ստորաբաժանումները: Այցի ընթացքում Քիմ Ջոնգ Ունը կարգադրել է զինծառայողներին «երբևէ չհանդուրժել հակառակորդի ագրեսիան»:
XS
SM
MD
LG