Մատչելի հղումներ

«Ալ-Քայիդա»-ի զինյալները կանգնելու են ԱՄՆ-ի ռազմական դատարանի առջև


ԱՄՆ-ի զինված ուժերը պաշտոնապես մեկնարկելու են ռազմական դատավարություն «ալ-Քայիդա»-ի հինգ զինյալների նկատմամբ, որոնք մեղադրվում են մոտ 3 հազար զոհի պատճառը դարձած 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների դեմ իրականացված հարձակումները ծրագրավորելու մեջ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք չորեքշաբթի օրը հայտնել են, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումների ինքնահռչակ հեղինակ և ղեկավար Խալիդ Շեյխ Մոհամեդին և չորս այլ կասկածյալներին ներկայացվել են ահաբեկչության, օդանավի առևանգման, դավադրություն կազմակերպելու, մարդասպանության և այլ մեղադրանքներ: Մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալներին մահապատիժ է սպառնում:

Պենտագոնը չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նշել է, որ մեղադրյալները 30 օրվա ընթացքում պետք է ներկայանան դատարան:

Այս գործով դատավարությունը կանցկացվի Կուբայում գտնվող Գուանտանամո ռազմածովային բազայում:

Պաշտպանության նախարարության համաձայն, բացի փաստաբաններից, մեղադրյալների դատական պաշտպանությանն օժանդակելու է ևս հինգ փաստաբան, որոնք ունեն հատուկ գիտելիքներ ու փորձ մահապատժի գործերով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկինում խոստացել էր մեղադրյալների դատավարությունն անցկացնել քաղաքացիական դատարանում, սակայն անցյալ տարի փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդունել են ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող անձանց տեղափոխությունն ԱՄՆ-ի տարածք արգելող օրենքը:

Իրավապաշտպան կազմակերպությունները սակայն խիստ քննադատության են ենթարկել կասկածյալների դատավարությունը ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական դատարանում իրականացնելու հանգամանքը:

«Human Rights Watch» կազմակերպության հակաահաբեկչական գործերով խորհրդատու, փաստաբան Լորա Փիթները հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Գուանտանամոյում առկա համակարգը չի համապատասխանում արդար դատավարության իրավունքի չափանիշներին:

Նրա համաձայն, այնտեղ դեռևս թույլատրվում է բռնության կիրառման միջոցով ստացված ապացույցների օգտագործումը, և գործում կարող են ներառվել որոշ ապացույցներ, որոնք ստանալու համար խոշտանգումներ են կիրառվել՝ հավելելով, որ սա ցավալի փաստ է, քանի որ ԱՄՆ-ի դաշնային դատարանների համակարգը տրամադրում է ավելի նպատակահարմար հնարավորություններ:

XS
SM
MD
LG