Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն առաջարկել է ոչնչացնել Սիրիայի քիմիական զինանոցը


ԱՄՆ-ի կառավարությունը կտրամադրի տեխնոլոգիաներ, աջակցություն և ֆինանսավորում՝ զենքերի ոչնչացման աշխատանքներն իրականացնելու համար

Միացյալ Նահանգներն առաջարկել է իր օգնությունը Սիրիայի քիմիական զինանոցում առկա ամենամահաբեր զենքերը ոչնչացնելու գործում:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը շաբաթ օրը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կտրամադրի տեխնոլոգիաներ, աջակցություն և ֆինանսավորում՝ զենքերի ոչնչացման աշխատանքներն իրականացնելու համար:

Միավորված ազգերի կազմակերպության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքային համատեղ խմբի ղեկավար Զիգրիդ Քաագի համաձայն, Սիրիայի քիմիական զենքը նախ պետք է փաթեթավորվի և զենքի գտնվելու բազմաթիվ վայրերից տեղափոխվի Սիրիայի ամենամեծ Լաթակիա նավահանգիստ:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ պետությունների նավերի վրա զենքը բարձելուց հետո այն անհրաժեշտ կլինի տեղափոխել Միացյալ Նահանգներին պատկանող նավեր՝ հետագա տեղափոխությունն իրականացնելու համար:

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պարտականությունը ստանձնած Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պնդում է, որ քիմիական զինանոցի ոչնչացումն անվտանգ եղանակով իրականացնելու համար այն պետք է տեղափոխել Սիրիայի տարածքից դուրս:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի զինաթափման վերաբերյալ ընդունված բանաձևի հիմքում ընկած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ժնևում ձեռք բերված համաձայնությունը, որին այս պետությունները հասել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ «զարին» թունավոր նյութի կիրառմամբ իրականացված հարձակումից հետո:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կանխել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ԱՄՆ-ի ռազմական պատժիչ գործողությունների իրականացումը: Դամասկոսի արվարձանում այս տարվա օգոստոսին իրականացված հարձակման մեջ Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահի վարչակարգին:
XS
SM
MD
LG