Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նշանակել է 10 միլիոն դոլարի պարգևատրություն՝ ահաբեկչի մասին տեղեկություններ տրամադրելու համար


Պակիստանում գործող «Լաշքար-է-Թալիբա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Հավիզ Մահամադ Սայիդ (արխիվային լուսանկար)
Պակիստանում գործող «Լաշքար-է-Թալիբա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Հավիզ Մահամադ Սայիդ (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի իշխանությունները նշանակել են մինչև 10 միլիոն դոլար պարգևատրություն Հնդկաստանի Մումբայ քաղաքում 2008 թվականին ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ մեղադրվող Պակիստանի քաղաքացու մասին տեղեկություններ տրամադրելու համար:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը «Պարգևատրումներ հանուր արդարադատության» ծրագրի կայքէջում հրապարակել է Հավիզ Մահամադ Սայիդի ձերբակալությանը նպաստող տվյալներ տրամադրելու դիմաց պարգևատրության մասին տեղեկությունները:

Սայիդը Պակիստանում գործող «Լաշքար-է-Թալիբա» ահաբեկչական խմբավորման հիմնադիրն է, որը մեղադրվում է Հնդկաստանի տարածքում ահաբեկչական մի քանի հարձակման իրականացման մեջ:

Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է 166 մարդ, ներառյալ Միացյալ Նահանգների վեց քաղաքացու:

Այս երկրի իշխանությունները բազմիցս նշել են, որ ահաբեկչական հարձակումն իրականացվել է «Լաշքար-է-Թալիբա»-ի կողմից՝ Պակիստանի զինված ուժերի և հատուկ գործակալությունների աջակցությամբ:

Հնդկաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Սայիդին ձերբակալելու համար պարգևատրության նշանակման հանգամանքը: Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այս քայլն արտացոլում է Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների վճռականությունը Մումբայ քաղաքում հարձակման համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում և ուղերձ է հղում «Լաքշար-է-Թալիբա»-ին՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրության միասնականության մասին:

XS
SM
MD
LG