Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն ուղիղ բանակցություններ են վարում Ժնևում


ԱՄՆ. «Փորձարկելու համար, թե արդյոք Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական լուծումը հնարավոր է, Միացյալ Նահանգները պետք է ներգրավվի դիվանագիտական շատ ակտիվ և ագրեսիվ գործողությունների մեջ»

Միացյալ Նահանգների և Իրանի դիվանագետները երկուշաբթի օրը Ժնևում մեկնարկել են Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ, որոնք անցկացվում են հուլիսի 20-ին վերջնական համաձայնության հասնելու համար նախանշված վերջնաժամկետին ընդառաջ:

Այս բանակցություններին Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսը, որը մասնակցել էր Իրանի հետ անցյալ տարվա նոյեմբերին միջանկյալ համաձայնության գալու հնարավորություն տված գաղտնի բանակցություններին:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, փորձարկելու համար, թե արդյոք Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական լուծումը հնարավոր է, «Միացյալ Նահանգները պետք է ներգրավվի դիվանագիտական շատ ակտիվ և ագրեսիվ գործողությունների մեջ»:

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Աբաս Արաքչին, նախօրեին հանդես գալով Իրանի հեռուստատեսությամբ, ասել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ հանդիպմանը կմասնակցի նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը:

Արաքչիի համաձայն, բանակցությունները «լուրջ փուլ» են մտել:

Միացյալ Նահանգների փոխխոսնակ Մարի Հարֆն անցյալ շաբաթ ասել էր, թե Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված գործում առաջընթաց է գրանցվել այն բանից հետո, երբ այդ երկրում իշխանության գլուխ է կանգնել Հասան Ռուհանին:

Փորձագետների կարծիքով սակայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար հուլիսի 20-ին նախանշված վերջնական ժամկետը հետաձգվելու է, իսկ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերը շարունակելու են զարգանալ: Այդ իսկ պատճառով, ըստ փորձագետների, այս բանակցություններում առաջընթաց գրանցելը հետզհետե առավել հրատապ խնդիր է դառնում:
XS
SM
MD
LG