Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների զեկույցը


«Կառավարությունը մինչև տարվա վերջ որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականին անցկացված նախագահական ընտրությունների հետընտրական շրջանի խռովությունների ընթացքում տասը անձանց մահվան համար»

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը, որը նշվել է, որ հրապարակման մեջ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում մարդու իրավունքներով ապահովվող ազատությանը և հավասար արժանապատվությանը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, ներկայացնելով Մարդու իրավունքների վերաբերյալ 2013 թվականի արտգործնախարարության զեկույցը, նշել է այս զեկույցը կարևորությունը՝ ասելով, որ ինքը ականատես է եկել, թե ինչպես շահագրգիռ բազմաթիվ կողմեր, սկսած ԱՄՆ-ի Սենատից, արտգործնախարարությունից և պետական այլ մարմիններից մինչև օտարերկրյա կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, հանրային պաշտպանները, լրագրողներն ու գիտնականները, օգտագործում այս զեկույցն իրենց գործունեության մեջ:

«Մարդու իրավունքները պաշտպանող կառավարությունները, որոնք հաշվետու են իրենց քաղաքացիների առջև, առավել ապահով են, ամրապնդում են աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը և վայելում համընդհանուր բարեկեցություն՝ ամբողջ աշխարհում առկա ժողովրդավարական կայուն այլ պետությունների հետ միասին: Այն երկրները, որոնք թերանում են մարդու իրավունքների պաշտպանության գործում, կանգնում են տնտեսական զրկանքների և միջազգային մեկուսացման առջև», - նշել է արտգործնախարար Քերրին զեկույցը նախաբանում՝ հավելելով. «Չնայած այս պարզ ճշմարտությանը՝ այս զեկույցները ցույց են տալիս, որ չափազանց մեծ թվով կառավարություններ շարունակում են խստացնել իրենց վերահսկողությունը խոսքի, միավորման և հավաքների ազատության նկատմամբ, ներառյալ գնալով է՛լ ավելի ճնշող դարձող օրենքները, քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդումներն ու նույնիսկ նոր տեխնոլոգիաները՝ չթույլատրելու համար իրենց քաղաքացիներից օգտվելու մարդու համընդհանուր օրենքներից ինչպես հրապարակներում, այնպես էր վիրտուալ տարածքում»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես նշվել է, որ Հայաստանում անցյալ տարվա փետրվարի 18-ին անցկացված նախագահի ընտրությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից գնահատվել են որպես «հիմնարար ազատությունները հարգելու առումով ընդհանուր առմամբ մասնագիտական բարձր մակարդակով, բաց և թափանցիկ եղանակով անցկացված ընտրություններ, որոնց ընթացքում սակայն գրանցվել են թերություններ, որոնցից են ոչ բոլորին տրամադրված հավասար հնարավորությունները, քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած որոշ լուրջ խախտումները, ինչպես նաև ընտրական գործընթացի ազնվության շուրջ ունեցած մտահոգությունները:

«Իշխանությունները պահպանում են վերահսկողությունն անվտանգության ուժերի նկատմամբ. անվտանգության ուժերի որոշ ծառայողներ մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել», - նշում է հրապարակումը:

Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության մարդու իրավունքների ամենամյա զեկույցի, 2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրները մնացել են կաշառակերությունն ու կառավարությունում թափանցիկության բացակայությունը, կառավարությունը փոփոխելու նկատմամբ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները, ինչպես նաև դատական մարմինների սահմանափակ անկախությունը:

Ըստ զեկույցի, 2013 թվականին մահացու կասկածելի դեպքեր են տեղի ունեցել զինված ուժերում՝ ոչ մարտական իրավիճակներում, շարունակվել են նաև սպաների և զինծառայողների կողմից այլ զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը, ինչպես նաև նման գործողությունների համար հաշվետվողականության բացակայությունը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հրապարակված Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում նշված է, որ Հայաստանի ոստիկանությունը շարունակել է օգտագործել խոշտանգումները՝ խոստովանություններ ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև ծեծ կիրառել քաղաքացիների ձերբակալության և հարցաքննման ընթացքում:

Հրապարակման մեջ նշված է, որ Հայաստանի քրեակատարողական բազմաթիվ հիմնարկներ եղել են գերբնակեցված, այնտեղ տիրել են հակասանիտարական պայմաններ, բանտարկության մեջ գտնվողներին բժշկական սպասարկում չի տրամադրվել:

«Իշխանությունները շարունակել են առանց ողջամիտ կասկածի ձերբակալել և ազատազրկել կասկածյալներին, ինչպես նաև կամայականորեն կալանքի տակ վերցնել մարդկանց: Դատավարությունները հաճախակի տևել են չափազանց երկար, և դատարանները թերացել են գործադրել օրենքը՝ արդար դատաքննություն ապահովելու համար: Իշխանությունները պատշաճ եղանակով չեն կիրառել օրենքը կառավարական մարմինների կողմից անձնական գաղտնիության և անօրինական խուզարկումների իրականացման դեմ», - ասված է զեկույցում:

Հայաստանում, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության հրապարակման, նախընտրական ժամանակաշրջանից դուրս լրատվամիջոցներում իրադարձության լուսաբանումը զուրկ էր քաղաքական կարծիքների բազմազանությունից, կառավարության սահմանափակումներն ազդեցություն էին գործում փոքրամասնություն ներկայացնող կրոնական որոշ խմբերի վրա՝ չնայած երկրում գրանցված կրոնական կազմակերպությունների հիմնական մասն իրենց օրինական գործունեությանը իրավական զգալի որևէ խոչընդոտների մասին չի հաղորդել:

«Կրոնական փոքրամասնությունների անդամները տառապել են հասարակության կողմից դրսևորվող խտրականությունից: Խնդիր են մնում տնային բռնությունները, որոնց մասին իշխանություններին հիմնականում չեն տեղեկացնում: Խնդիր է մնում նաև մարդկանց թրաֆիքինգը, ինչի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունները գործողությունների են դիմել: Անկարողություններ ունեցող մարդիկ իրենց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում խտրականության առջև են կանգնել: Ռազմական իշխանությունները և կալանավայրերի ղեկավարությունը լեսբուհի, գեյ, երկսեռ և փոխսեռական (ԼԳԵՓ) անձանց նկատմամբ թույլ են տվել չարաշահումներ և խտրականություն, խնդիր է մնացել նաև խտրականությունը հասարակության մեջ: Կառավարությունը սահմանափակել է աշխատողների իրավունքները, աշխատանքային իրավունքի կիրառումը թերի է եղել», - ասված է զեկույցում:

«Չնայած իշխանությունները պատժիչ միջոցներ են ձեռնարկել չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների նկատմամբ անվտանգության և այլ մարմիններում, անվտանգության ուժերի որոշ ծառայողներ շարունակել են անպատիժ կատարել մարդու իրավունքների խախտումներ՝ լինելով քաղաքացիական առաջնորդների ղեկավարության ներքո: Կառավարությունը մինչև տարվա վերջ որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականին անցկացված նախագահական ընտրությունների հետընտրական շրջանի խռովությունների ընթացքում տասը անձանց մահվան համար» - ասված է Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների 2013 թվականի զեկույցում:
XS
SM
MD
LG