ԱՄՆ-ի օրենսդիրները ձեռք են բերել ժամանակավոր պայմանավորվածություն մինչև 2012 թվականի ավարտը աշխատավարձի հարկի արտոնությունների և գործազրկության նպաստների վճարման շուրջ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի երկու կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած բանակցող խումբը երեքշաբթի օրը ձեռք է բերել համաձայնություն, որով նախատեսվում է պահպանվել աշխատավարձի հարկի նվազեցումը ամերիկացի մոտ 160 միլիոն աշխատավորների համար շաբաթական մոտ 20 դոլարով:
Հարկային այս արտոնությունը, որի գործողության ժամկետը լրանում էր փետրվարի վերջին, մոտ 100 միլիոն դոլարով կավելացնի դաշնային բյուջեի պակասորդը:
Բանակցող խումբը նաև համաձայնություն է ձեռք բերել գործազրկության նպաստների վճարման ժամկետը ներկայիս 99 շաբաթից մինչև 73 շաբաթը նվազեցնելու շուրջ:
Սպասվում է, որ փոխզիջումների միջոցով ձեռք բերված այս համաձայնությունը կարժանանա բանագնացների վերջնական հավանության չորեքշաբթի օրը և մինչև այս շաբաթվա վերջ կներկայացվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի քվեարկության:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը կոչ է արել երկրի Կոնգրեսին հասնել համաձայնության աշխատավարձին հարկի արտոնությունների և գործազրկության նպաստների վճարման շուրջ՝ ասելով, որ «Միացյալ Նահանգների տնտեսությունը վերականգնվում է, և Վաշինգտոնը չպետք է խոչընդոտի այս գործընթացին»: