Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը փակել է դեսպանությունը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում


Վաշինգտոնը հորդորել է բոլոր կողմերին խաղաղության բանակցություններ մեկնարկել

Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում գտնվող դեսպանությունը և էվակուացրել դեսպանության աշխատողներին այն պատճառով, որ ապստամբները սպառնացել են ռազմական եղանակով տապալել այս երկրի կառավարությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը հինգշաբթի օրն ասել է, թե Վաշինգտոնը հորդորել է բոլոր կողմերին խաղաղության բանակցություններ մեկնարկել՝ երկրի անվտանգության նոր տեսլական մշակելու նպատակով: Խոսնակի համաձայն, ԿԱՀ-ի հետ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերություններին որևէ վնաս չի հասցվել:

ՄԱԿ-ն արդեն էվակուացրել է երկրում գործող բոլոր ոչ հիմնական անձնակազմը՝ բռնությունների սպառնալիքի պատճառով:

Ապստամբների ուժերի մարտիկները գտնվում են ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիից 300 կիլոմետր հեռավորության վրա: Նրանք խոստանում են տապալել երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կառավարությունը՝ մեղադրելով վերջինիս 2007 թվականին ևս մեկ ապստամբության վերջ տված խաղաղության համաձայնագրի պայմանները չկատարելու մեջ:

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը Ֆրանսիայից անկախություն է ձեռք բերել 1960 թվականին: Երկրում խաղաղապահ առաքելությունների կազմում ծառայություն է անցնում Ֆրանսիայի մոտ 250 զինծառայող:

ԿԱՀ-ում շատերը կոչ են արել Ֆրանսիային ավելի շատ ջանք գործադրել՝ ապստամբների վտանգի դեմն առնելու համար: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սակայն ասել է, թե Ֆրանսիան ԿԱՀ-ում պաշտպանում է իր շահերն ու քաղաքացիներին և չի միջամտելու այս երկրի ներպետական խնդիրներին:
XS
SM
MD
LG