Մատչելի հղումներ

Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչները վերսկսել են աշխատանքը


Տեսուչների խումբը չորեքշաբթի օրը կրկին ուղևորվել է Դամասկոսի արվարձան՝ նախօրեին անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանքը դադարեցնելուց հետո

ՄԱԿ-ի տեսուչները չորեքշաբթի օրը վերսկսել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ ենթադրյալ հարձակման հետաքննությունը: Տեսուչների խումբը չորեքշաբթի օրը կրկին ուղևորվել է Դամասկոսի արվարձան՝ նախօրեին անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանքը դադարեցնելուց հետո:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս ընթացքում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ ունեցած հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել այս երկրում ռազմական որևէ միջամտության:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Լավրովը չորեքշաբթի օրը շեշտել է քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը: Երկու դիվանագետները, ըստ հաղորդագրության, համաձայնություն են հայտնել այն կարծիքի հետ, որ Սիրիայի ներսում և երկրից դուրս բոլոր կողմերը պետք է պատասխանատու գործողությունների դիմեն:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին Սիրիայում իրավիճակի շուրջ զեկույց կներկայացնի չորեքշաբթի օրը:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը նախօրեին խոստացել էր, որ իր երկիրը պատասխան հարված կհասցնի Արևմուտքի ռազմական ցանկացած հարձակման դեպքում՝ կիրառելով պաշտպանական «անակնկալ» միջոցներ:

Արտգործնախարար ալ-Մոալեմի համաձայն, Սիրիայի կառավարությունը «լսում է պատերազմի թմբուկները»՝ հավելելով, որ Արևմուտքն օգտագործում է քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները որպես պատճառ հարձակում իրականացնելու համար:

Ալ-Մոալեմի կրկին հերքել էր Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքները՝ պնդելով, որ Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպական դաշնակիցները մեղադրանքներին պետք է նախ ապացույցներ ներկայացնեն:
XS
SM
MD
LG