Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքը հետաձգվել է անվտանգության մտահոգությունների պատճառով


ՄԱԿ-ի քիմիական զենգի գծով մասնագետների հանդիպումը քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայրերից մեկի բնակիչների հետ, 26 օգոստոսի 2013թ.
ՄԱԿ-ի քիմիական զենգի գծով մասնագետների հանդիպումը քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայրերից մեկի բնակիչների հետ, 26 օգոստոսի 2013թ.

Սիրիայի արտգործնախարարը, բացի այդ, զգուշացրել է օտարերկրյա ռազմական որևէ միջամտության անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի օդային հնարավոր հարձակումը «կծառայի Իսրայելի և «ալ-Քաիդա»-ի շահերին»

Սիրիայի արտգործնախարարն ասել է, որ երկրում գործող ՄԱԿ-ի տեսուչների խումբը երեքշաբթի օրը չի վերադառնա քիմիական զենքի ենթադրյալ կիրառման վայր՝ առաքելության անվտանգության շուրջ ապստամբների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմն այս մասին հայտնել է երեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա համաձայն, առաքելության տեսուչների կողմից տեղում իրականացվող զննումներ կատարելու աշխատանքային երկրորդ օրը հետաձգվել է մինչև չորեքշաբթի:

Սիրիայի արտգործնախարարը, բացի այդ, զգուշացրել է օտարերկրյա ռազմական որևէ միջամտության անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի օդային հնարավոր հարձակումը «կծառայի Իսրայելի և «ալ-Քաիդա»-ի շահերին»: Նրա համաձայն, ռազմական ցանկացած հարձակման դեպքում Սիրիան կդիմի ինքնապաշտպանության միջոցների:

ՄԱԿ-ի տեսուչների կողմից երեքշաբթի օրը քիմիական ենթադրական հարձակման տեղանք չվերադառնալու մասին տեղեկությունները հաստատվել են նաև Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակված հաղորդագրությամբ, որի համաձայն այցը հետաձգվել է՝ ելնելով տեսուչների անվտանգության ապահովման մտահոգություններից:

ՄԱԿ-ի կողմից տարածած հաղորդագրության համաձայն, տեսուչների խումբը նախատեսում էր երեքշաբթի օրը հետաքննություն անցկացնել քիմիական զենքի կիրառմամբ ենթադրյալ հարձակման կատարման վայրում:

Տեսուչները նախօրեին այցելել էին Դամասկոսի Մոադամանիե արվարձանը, և այս այցի ընթացքում նրանց տեղափոխող մեքենաներից մեկի ուղղությամբ կրակ էին բացել դիպուկահարները:

Կազմակերպության հաղորդագրության համաձայն, դիպուկահարային կրակից հետո իրավիճակի գնահատման արդյունքում որոշում է ընդունվել այն մասին, որ տեսուչները պետք է հետաձգեն իրենց այցը մինչև չորեքշաբթի՝ «պատրաստվածությունն ու անվտանգությունը բարելավելու նպատակով»:

ՄԱԿ-ի տեսուչների ուղղությամբ դիպուկահարների կողմից իրականացված հարձակման մեջ միմյանց են մեղադրել Սիրիայի իշխանություններն ու ապստամբները: Երկու կողմերը, բացի այդ, միմյանց մեղադրում են խաղաղ բազմաթիվ բնակիչների մահվան պատճառը դարձած՝ ենթադրաբար թունավոր գազի կիրառմամբ հարձակումն իրականացնելու մեջ:
XS
SM
MD
LG