Միավորված Ազգերի Կազմակերպությունը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի երեք ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են երկրի հրթիռային և միջուկային ծրագրերի իրականացման մեջ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսի համաձայն, Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների թվում է ընկերությունների ակտիվների սառեցումը:
Դեսպան Ռայսը հայտնել է, որ ընդլայնվել է նաև Հյուսիսային Կորեա ներմուծման համար արգելված ապրանքատեսակների ցանկը: Նա «ուժեղ և արժանահավատ» է անվանել պատժամիջոցները, քանի որ դրանք է՛լ ավելի են խորացնելու այս երկրի մեկուսացումը և դժվարացնելու են Փխենյանի կողմից արգելված ծրագրերի շուրջ տարվող աշխատանքն:
Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Ճապոնիան և Հարավային Կորեան ավելի վաղ առաջարկել են պատժամիջոցներ կիրառել և ցանկում ներառել մոտ 40 ընկերություն և ապրանքատեսակ, սակայն Չինաստանն իր համաձայնություն է տվել դրանցից միայն երեքին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ ամիս խիստ քննադատության է ենթարկել Հյուսիսային Կորեային՝ գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի արձակումն իրականացնելու համար:
Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևում ապրիլի 13-ին իրականացված արձակումը «Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների օգտագործումը սահմանափակելու նպատակով ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում» է որակվել:
Բանաձևում նշվել է նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն առաջացրել է մտահոգություն Արևելյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ կողմից ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապագայում զերծ մնա բալիստիկ տեխնոլոգիա օգտագործվող հրթիռների արձակումից և հորդորում Փխենյանին «դադարեցնել միջուկային սպառազինության և միջուկային ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերը՝ համապարփակ, անշրջելի և ստուգման ենթակա եղանակով»:
Հյուսիսային Կորեան Հյուսիսային Փյոնգան նահանգում տեղակայված «Թոնգչանգ-րի» մեկնարկային հրապարակից ապրիլի 13-ին իրականացրել էին հրթիռի արձակում, սակայն ավելի ուշ հայտնել, որ հրթիռը նախանշված ուղեծիր դուրս չէր եկել: