Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները «մի քանի շաբաթից» կվերադառնան Սիրիա


ՄԱԿ-ի քննիչների խմբի ղեկավար. «Դեռևս ենթակա է քննության քիմիական զենքի կիրառման մեղադրանքների ևս 13-ից 14 դեպք»

Քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչն ասել է, որ իր գլխավորած մասնագետների խումբը «մի քանի շաբաթից» կվերադառնա Սիրիա՝ քիմիական զենքի կիրառման մեղադրանքների ևս մի քանի դեպքի շուրջ լրացուցիչ հետաքննություն անցկացնելու նպատակով:

Սիրիայում անցյալ ամիս հետաքննություն անցկացրած ՄԱԿ-ի քննիչների խմբի ղեկավար Ակե Սելստրոմը չորեքշաբթի օրն ասել է, որ փորձագետները կուսումնասիրեն «քիմիական զենքի կիրառման մասին երկու կողմերի ներկայացվող մեղադրանքները, հիմնականում՝ Սիրիայի կառավարական ուժերին նման զենքի կիրառման մասին ներկայացվող մեղադրանքները»:

Սելստրոմի համաձայն, դեռևս ենթակա է քննության քիմիական զենքի կիրառման մեղադրանքների ևս 13-ից 14 դեպք: Նրա համաձայն, ՄԱԿ-ի տեսուչները չեն անդրադառնալու այն հարցին, թե կողմերից որն է պատասխանատու օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառմամբ անցկացված հարձակման համար, որի հետևանքով, ըստ ԱՄՆ-ի կառավարության, զոհվել է 1400 մարդ:

ՄԱԿ-ի տեսուչների կողմից այս շաբաթվա սկզբին Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման փաստը հաստատելու մասին զեկույց ներկայացնելուց հետո Արևմուտքի պետությունները քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրել են Սիրիայի կառավարությանը, սակայն Ռուսաստանի իշխանությունները քիչ անց «խարխլված» են անվանել ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը:

Ռուսաստանի համաձայն, Սիրիայի իշխանությունները տրամադրել են նոր ապացույցներ այն մասին, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացվել է ապստամբները, այլ ոչ թե կառավարական ուժերի կողմից:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ այս ապացույցները պարունակող նյութերը Սիրիայի իշխանություններն արդեն տրամադրել են Ռուսաստանին:
XS
SM
MD
LG