Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի շուրջ քվեարկություն կանցկացվի


ՄԱԿ-ի չպարտավորեցնող բանաձևը դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից ծանր զենքերի կիրառումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ուրբաթ օրը կանցկացվի քվեարկություն Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայի վերաբերյալ ներկայացված բանաձևի շուրջ:

ՄԱԿ-ի չպարտավորեցնող բանաձևը դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից ծանր զենքերի կիրառումը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից այս երկրում բռնությունները դադարեցնելուն ուղղված միջոցների շուրջ համաձայնության չգալու հանգամանքը:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հինգշաբթի օրը պաղեստինցի փախստականների ճամբարի ուղղությամբ նռնականետներից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն 21 մարդ: Կազմակերպությունը սակայն չի հաղորդել, թե ով է բացել կրակը:

Փախստականների ճամբարի ուղղությամբ նռնականետներից կրակը, ըստ հաղորդագրություններից, բացվել է մոտակայքում գտնվող քաղաքի Թադամուն շրջաններից մեկում կառավարական և ընդդիմության ուժերի միջև բախումների ընթացքում:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է նաև ուրբաթ օրը երկրի այլ մասերում, ներառյալ Համա և Իդլիբ նահանգներում և Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների մասին:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը հայտնել է, որ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը որոշում է կայացրել չերկարացնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի իր մանդատը, որի գործողության ժամկետը լրանում է օգոստոս ամսին:

Քոֆի Անանը եղել է Սիրիայում խաղաղություն հաստատելու վեց կետից բաղկացած ծրագրի հեղինակը, սակայն ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ընդդիմության ուժերը երբեք լիովին չեն հետևել ծրագրին և շարունակել են բռնությունների իրականացումը:

«Տեղում գնալով ավելի մեծ աճ գրանցող ռազմականացումը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միասնականության բացակայությունը սկզբունքորեն փոխել են իմ դերակատարության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հանգամանքները», - ասել է Անանը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը նույնպես մեղադրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, մասնավորապես Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք երեք անգամ վետոյի իրավունք են կիրառել Սիրիայի վերաբերյալ բանաձևերի շուրջ անցկացված քվեարկությունների ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Անանն արժանի է «գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ»:

Բան Կի-մունն ասել է նաև, որ Արաբական պետությունների լիգայի հետ անցկացվում են «խաղաղապահ այս կարևորագույն աշխատանքում փոխարինող գտնելուն ուղղված քննարկումներ»:
XS
SM
MD
LG