Միջազգային հեռահաղորդակցման միությունը, որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, նախատեսում է հրապարակել մինչ օրս գործակալության կողմից տարածված ամենալուրջ նախազգուշացումը, որը վերաբերվում է Իրանի և Մերձավոր Արևելքի այլ պետություններում վերջերս հայտնաբերված «Flame», թարգմանաբար՝ «Հուր» համակարգչային վիրուսի կողմից ներկայացվող վտանգին:
Միջազգային հեռահաղորդակցման միության համակարգչային անվտանգության համակարգող Մարկո Օբիսոյի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, կազմակերպության նախազգուշացումը «համակարգչային վարակի մասին երբևէ հրապարակված ամենալուրջ նախազգուշացումը կդառնա»:
Օբիսոյի համաձայն, պաշտոնական նախազգուշացման մեջ կազմակերպության անդամ պետություններին կներակայցվեն տեղեկություններն այն մասին, որ վիրուսը ենթակառուցվածքի կարևորագույն հատվածների ուղղությամբ հարձակում իրականացնելու ներուժ ունեցող լրտեսական գործիք է: Միջազգային հեռահաղորդակցման միության համակարգչային անվտանգության համակարգողը նաև կարծիք է արտահայտել, որի համաձայն «Flame» վիրուսի մշակումը կարող էր իրականացված լիներ աշխարհի պետություններից մեկի պատվերով:
Ռուսաստանի «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերության նկարագրության համաձայն, վնասակար այս ծրագրի բարդությունն ու հնարավորությունները «գերադասում են մինչ օրս հայտնի համակարգչային բոլոր վտանգները»:
«Կասպերսկիի լաբորատորիա» ընկերությունը նշել է, որ վիրուսն ամենամեծ տարածումն է գնել Իրանում, ինչպես նաև Իսրայելում, պաղեստինյան տարածքներում, Սուդանում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում:
Ոչ մեկ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել համակարգչային այս հարձակումների համար, սակայն Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն ակնարկել են այս պետության հնարավոր ներգրավվածության մասին: