Մատչելի հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը քննարկում է ցուցարարներին համաներում շնորհելու հնարավորությունը


Չնայած երկրի կառավարության փոխզիջումների՝ ընդդիմության առաջնորդները հետ չեն վերցրել նախագահի նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ իրենց պահանջը

Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի օրը Կիևում քննարկում է անցկացնում վերջին երկու ամիսների ընթացքում չդադարող բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին ներում շնորհելու հարցը:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ավելի վաղ ասել էր, որ հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված մարդկանց ներում կշնորհվի միայն այն դեպքում, եթե ընդդիմության ցուցարարները քանդեն բարիկանդներն ու ազատեն պետական մարմինների գրավված շենքերը և քաղաքների փողոցները: Հավանական չէ սակայն, որ նախագահի պահանջներն ընդունվեն հակակառավարական ակտիվիստների կողմից:

Ուկրաինայի նախագահը նախօրեին ընդունել էր վարչապետ Միկոլա Ազարովի և երկրի ամբողջ կառավարության հրաժարականը, որը եղել էր ընդդիմության հիմնական պահանջներից մեկը:

Նախագահ Յանուկովիչը, բացի այդ, նույն օրը ստորագրել էր խորհրդարանի կողմից ավելի վաղ հավանության արժանացրած՝ հավաքների դեմ ուղղված օրենքների գործունեության դադարեցման մասին որոշումը: Այս օրենքներն Ուկրաինայում դարձել էին բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցերի պատճառը:

Չնայած երկրի կառավարության փոխզիջումների՝ ընդդիմության առաջնորդները հետ չեն վերցրել նախագահի նոր ընտրությունների անցկացման մասին իրենց պահանջը: Երկրում նախօրեին տեղի ունեցած զարգացումներն ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն անվանել է «ոչ թե հաղթանակ, այլ հաղթանակի ուղղությամբ կատարված մի քայլ»:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը ողջունել էր Ուկրաինայի կառավարության կողմից արված փոխզիջումները՝ սատարելով երկրում ընթացող ցույցերի ժամանակ ձերբակալվածներին համաներում շնորհելու հնարավորությունը:
XS
SM
MD
LG