Մատչելի հղումներ

Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են շարունակել ռազմական գործողությունները երկրի արևելքում


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կրամատորսկ քաղաքի հեռուստակենտրոնի և վարչական շենքերի նկատմամբ

Ուկրաինայի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նախատեսվում է շարունակել ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված գործողությունները երկրի արևելքում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կրամատորսկ քաղաքի հեռուստակենտրոնի և վարչական շենքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավել էին անջատողականները:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Անդրիյ Պարուբիյը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայում հակաահաբեկչական գործողությունները, բացի Սլավյանսկից ու Կրամատորսկից, կշարունակվեն նաև երկրի այլ քաղաքներում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս ընթացքում ասել է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս որոշում չի կայացրել այն մասին, թե ինչպես արձագանքել Ուկրաինայի Օդեսա քաղաքում առնվազն 42 զոհի, հիմնականում՝ ռուսաստանամետ ցուցարարների, պատճառը դարձած իրադարձություններին:

Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանն այժմ կենտրոնացրել է ավելի քան 40 հազար զինծառայող և զրահատեխնիկա: Կրեմլը պնդում է, որ իրավունք ունի զորք մտցնել Ուկրաինա՝ այս երկրի ազգությամբ ռուս բնակչությունը պաշտպանելու համար:
XS
SM
MD
LG