Թուրքիայի հարավարևելյան լեռնային շրջաններում քուրդ զինյալների հետ բախումների արդյունքում զոհվել է Թուրքիայի ոստիկանության հատուկ ուժերի չորս, վնասվածքներ ստացել` երեք ծառայող:
Երկրի Սիրնակ նահանգում ոստիկանության հատուկ ուժերն ուղղաթիռներից կրակ են բացել Քրդստանի աշխատավորական կուսակցության մի խումբ ենթադրյալ զինյալների ուղղությամբ: Բացի դրանից, ուղղաթիռների միջոցով տարածք են տեղափոխվել ոստիկանության հատուկ ուժերի ծառայողներ:
«Ռոյթերս» լրատվական գործակալության վկայությամբ, բախումների շրջան ուղարկվել են նաև Թուրքիայի զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ:
Թուրքիայի անվտանգության ուժերը տեղեկացրել են նաև, որ հիմնականում քրդերով բնակեցված հարավ-արևելքի գլխավոր Դիարբեքիր քաղաքում չորեքշաբթի օրը թույլ պայթյուն է տեղի ունեցել երկրում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության գրասենյակի մոտակայքում:
Պայթյունն իրականացվել է երկրի հարավ-արևելքում ազգությամբ քուրդ հազարավոր ցուցարարների կողմից քրդական նոր տարին նշելու կապակցությամբ չարտոնված հավաքների անցկացման ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումներից մեկ օր անց, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ է օգտագործել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը երկրի խորհրդարանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ պատգամավորներին հայտնել է, որ բախումների ժամանակ ստացված վնասվածքներից զոհվել է ոստիկանության մեկ ծառայող: