Մատչելի հղումներ

Բախումներ Թուրքիայում՝ ցուցարարների և ոստիկանության միջև


Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել երկրի կալանավայրերից մեկի մոտակայքում հավաքված հազարավոր ցուցարարների դեմ

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել երկրի կալանավայրերից մեկի մոտակայքում հավաքված հազարավոր ցուցարարների դեմ, որտեղ անցկացվում է դավադրության մեջ մասնակցելու մեղադրանքով ազատազրկված 275 կասկածյալի դատավարությունը:

Ցուցարարները հավաքվել են երկուշաբթի օրը Ստամբուլի «Սիլիվրի» կալանավայրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ռազմական գործիչների, իրավաբանների, գիտաշխատողների և լրագրողների դատավարությունը, որոնք մեղադրվում են «Էրգենեկոն» անվանումը կրող խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Թուրքիայի կառավարության համաձայն, «Էրգենեկոն»-ը կառավարության դեմ ուղղված մեծածավալ դավադրություն է:

Մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալները կարող են դատապարտվել ազատազրկման տարբեր ժամկետների՝ ընդհուպ մինչև ցմահ բանտարկության:

Թուրքիայի դատախազությունը մեղադրում է կասկածյալներին կառավարության դեմ ենթադրյալ դավադրության հետ կապերի տարբեր աստիճաններ ունենալու մեջ: Քննադատները սակայն պնդում են, որ իրավական այս ամբողջ գործընթացը կազմակերպվել է Թուրքիայի կառավարության ընդդիմախոսներին և քննադատներին ահաբեկելու նպատակով:
XS
SM
MD
LG