Մատչելի հղումներ

Թուրքիայի ու Իրանի հակասությունները սրվում են


Իրանի արտգործնախարարի կողմից անցյալ շաբաթ Թուրքիա կատարելիք այցի չեղարկումը էլ ավելի է սաստկացրել լարված հարաբերությունները այդ երկու երկրների միջև: Նման իրավիճակը պայմանավորված է նրանց կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմում տարբեր կրոնա-քաղաքական խմբերի աջակցությամբ:

Իրանի և Թուրքիայի միջև լարվածությունը գնալով ավելի է արտահայտվում կառավարամետ լրատվամիջոցներում: Իրանական հաղորդումները թիրախավորել են Թուրքիայի նախագահին և նրա դստերը՝ Սումեյեին, որը Անկարան համարել է չափից ավելի: Ի վերջո, դա հանգեցրել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի Թուրքիա նախատեսված այցը հետձգելուն: Ըստ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Սոլի Օզելի Իրանի կառավարամետ հեռուստատեսությամբ Էրդողանի ու նրա ընտանիքի պախարակումը, նյարդայնացրել է Թուրքիայի նախագահին: Բացի այդ որևէ կասկած չկա, որ երկու երկրները Իրաքի քրդական ինքնավարությունում և Սիրիայում մրցակցում են միմյանց հետ ազդեցության համար և Թուրքիայի նախագահի քննադատությունը առիթ հանդիսացավ այդ լարվածության դրսևորման համար:

Ըստ Թուրքիայի պաշտոնաթող դեսպան Մուրաթ Բիլհանի՝ Անկարայի վերջին գործողությունները քուրդ ապստամբ խմբերի դեմ, կարող է իր դերն ունենալ լարվածության սաստկացման մեջ: Թեև Իրանի հարաբերությունները քուրդ ապստամբների հետ փոփոխական է եղել, կապված Իրանում մի քանի միլիոն քրդական բնակչության շրջանում անջատողականության հնարավոր սերմանման վտանգի հետ, այնուհանդերձ վերջերս Իրանը համագործակցում էր «Իսլամական պետություն» խմբավորման դեմ և՛ քրդական ինքնավարության, և՛ Սիրիայի քրդական մարտական խմբերի հետ: Նման իրավիճակում քրդական խմբերի ռմբահարումները Թուրքիայի կողմից` Իրանի հետ հարաբերությունների նոր սրացման առիթ են:

Անկարան նախկինում մեղադրում էր Թեհրանին իր սահմանները Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների առջև դիտավորյալ չփակելու մեջ: Իրանի կողմից լռելյայն, կամ ուղղակիորեն Քրդական աշխատավորական կուսակցության աջակցությունը մեկ այլ գործոն է, որի պատճառով Անկարային կոչեր են հնչում՝ վերադառնալու քրդերի հետ խաղաղության հաստատման գործընթացին: Մինչդեռ այդ կոչերը Անկարայի կողմից անտեսվում են:

XS
SM
MD
LG