Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղար Մուրաթ Բայարն ու ռազմական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներ, պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Ադրբեջան կատարվող այս այցը Իսմեթ Յըլմազի առաջին այցն է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
«News.az»-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարն այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:
Այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Յըլմազը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ պաշտպանության և այլ ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
«Թուրքիան Ադրբեջանին միշտ տրամադրել է և կշարունակի տրամադրել ռազմական աջակցություն», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յըլմազը:
Մինչև հոկտեմբերի 15-ը տևող այցի ընթացքում Թուրքիայի պաշտոնատար անձինք կայցելեն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկությունները և կծանոթանան Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հնարավորություններին: