Մատչելի հղումներ

«Թուրքիան կմիանա հակասիրիական դաշինքին». Դավութօղլու


Ahmet Davutoğlu
Ahmet Davutoğlu

«Ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարողները պետք է անպայման պատժվեն»

Թուրքիան կմիանա Սիրիայի իշխանությունների դեմ միջազգային ցանկացած դաշինքին նույնիսկ այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր չլինի հասնել համաձայնության Սիրիայի հետ կապված խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ:

Այս մասին հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուն՝ հիշեցնելով, որ Սիրիայում ստեղծված վիճակի սկզբից Թուրքիան պնդել է, որ միջազգային հանրությունը «իրավունք չունի որևէ գործողության չդիմելու՝ տեսնելով Ասադի վարչակարգի կողմից իրականացվող սպանդը»:

«Մենք միշտ առավելություն ենք տալիս միջազգային հանրության հետ համատեղ գործելուն՝ ՄԱԿ-ի որոշումների համաձայն: Եթե նման որոշում չի ընդունվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ապա քննարկման առարկա կարող են դառնալ այլընտրանքները», - ասել է Դավութողլուն:

«Ներկայում նման այլընտրանքներ սատարում է 36-ից 37 երկիր: Եթե ընթացքում ձևավորվի հակասիրիական դաշինք, ապա Թուրքիան իր տեղը կզբաղեցնի նման դաշինքում», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Դավութօղլուի համաձայն, զանգվածային սպանդ իրականացրած առաջնորդներին անպատիժ թողնելը խարխլում է միջազգային հանրության զսպող դերը:

«Ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարողները պետք է անպայման պատժվեն», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն:
XS
SM
MD
LG