Մատչելի հղումներ

Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ցույցերի ժամանակ վնասվածքներ ստացած երիտասարդի թաղման արարողության ժամանակ


Երկրում նախընտրական շրջանում բռնկված խռովությունները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նոր մտահոգությունների պատճառ են դարձել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցույցերի ժամանակ վնասվածքներ ստացած երիտասարդի չորեքշաբթի օրն անցկացված թաղման արարողության ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ:

15-ամյա Բերքին Էլվանը մահացել էր երեքշաբթի օրը՝ անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում ստացված վնասվածքների պատճառով: Նրա մահը նոր խռովություններ էր հրահրել Թուրքիայի քաղաքներում:

Թուրքիայի ոստիկանության հատուկ ուժերը նախօրեին արցունքաբեր գազ են կիրառել՝ երկրի մայրաքաղաք Անկարայում և առափնյա Իզմիր քաղաքում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցներին ցրելու նպատակով: Անկարայում ցուցարարները քարկոծել էին երկրում իշխող կուսակցության գլխավոր գրասենյակը և պատուհաններ են ջարդել:

Երկրում նախընտրական շրջանում բռնկված խռովությունները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նոր մտահոգությունների պատճառ են դարձել: Էրդողանը դեռևս փորձում է հաղթահարել իր պաշտոնավարման համար ամենամեծ խոչընդոտներից մեկը դարձած՝ երկրում կաշառակերության հետ կապված սկանդալը:

Վարչապետ Էրդողանը, որն իր նախընտրական արշավի շրջանակներում շրջում է Թուրքիայով մեկ, ուղերձով հանդես է եկել երկրի հարավային Սիրթ քաղաքում: Երկար ժամանակ տևած իր ուղերձում Էրդողանն այնուամենայնիվ որևէ անդրադարձ չի կատարել 15-ամյա Բերքին Էլվանի մահվանը:

Թուրքիայի վարչապետն այնուամենայնիվ խոստովանել է, որ այս տարվա մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փորձություն կդառնան իր կառավարության համար:
XS
SM
MD
LG