Մատչելի հղումներ

Անհատական համակարգիչների ժամանակաշրջանը մոտենում է ավարտի


2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում անհատական համակարգիչների առաքումները նվազել են մոտ 14 տոկոսով

Շուկայի նոր հետազոտության համաձայն, անհատական համակարգիչների ժամանակաշրջանը մոտենում է ավարտի, քանի որ ամբողջ աշխարհում սպառողները գնալով է՛լ ավելի հաճախ են օգտվում պլանշետային համակարգիչներից և «խելացի հեռախոսներից»՝ սմարթֆոններից:

«International Data Corporation» («IDC») ընկերության կողմից իրականացված շուկայի հետազոտության համաձայն, 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում անհատական համակարգիչների առաքումները նվազել են մոտ 14 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ինչը գրեթե երկու անգամ է գերազանցել կանխատեսվող նվազեցումը: Կազմակերպության համաձայն, այս անկումն ամենախորն է՝ 1994 թվականին կազմակերպության կողմից համակարգչային շուկայի ուսումնասիրությունների իրականացման մեկնարկելու ժամանակից:

«IDC»-ի համաձայն, անհատական համակարգիչների շուկայում ստեղծված իրավիճակի մեջ շատ մեծ լումա է ունեցել «Windows 8» օպերացիոն համակարգը, որի միջոցով «Microsoft» ընկերությունը փորձել էր միավորել պլանշետային և անհատական համակարգիչների գործառույթները:

«Այս պահին ցավոք հասկանալի է դառնում, որ «Windows 8»-ի գործարկումն անհատական համակարգիչների շուկային ոչ միայն չի հաղորդել դրական վերելք, այլև դանդաղեցրել է դրա զարգացումը», - ասել է «IDC»-ի փոխնախագահ Բոբ Օ’Դոնելը, որի համաձայն օգտվողի միջերեսում կատարված կտրուկ փոփոխությունների ու «Windows»-ի ավանդական բազմաթիվ գործառույթների հեռացման հետևանքով անհատական համակարգիչներն այլևս չեն գրավում սպառողների ուշադրությունը՝ զիջելով իրենց տեղը պլանշետային համակարգիչներին և նման այլ սարքերին:

«IDC»-ն նշել է նաև, որ շուկայի դանդաղեցումը որոշ չափով կարելի է վերագրել «HP» և «Dell» ընկերություններում իրականացվող վերակազմավորման:

«Ոլորտն այժմ գտնվում է շրջադարձային շատ կարևոր կետում, և այժմ անհրաժեշտ է կատարել ռազմավարական ընտրություններ այն խնդիրների շուրջ, թե ինչպես է հնարավոր մրցակցել այլընտրանքային սարքերի հետ՝ միաժամանակ պահպանելով անհատական համակարգչի՝ որպես «անհրաժեշտ սարքի» դիրքը սպառողների պատկերացման մեջ», - նշել է անհատական համակարգիչների գծով «IDC»-ի տնօրեն Դեյվիդ Դաուդը:
XS
SM
MD
LG