Մատչելի հղումներ

«Հայերը լքում են Սիրիան՝ ուղևորվելով նախնիների հայրենիք»


Մոմավառություն Դամասկոսի հայկական եկեղեցում (արխիվային լուսանկար)
Մոմավառություն Դամասկոսի հայկական եկեղեցում (արխիվային լուսանկար)
«Հալեպ քաղաքում, որտեղ բնակվում է հայերի համայնքի մեծ մասը, բախումների ծավալման ժամանակից գնալով ավելի մեծ թվով հայեր տեղափոխվում են իրենց նախնիների հայրենիքը՝ մտավախություն ունենալով, որ նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի և մահմեդական վարչակարգով փոխարինվելու դեպքում քրիստոնյաների դեմ կարող են հետապնդումներ սկսվել»:

Այս մասին գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ մեջբերելով Հայաստան ժամանած սիրիահայերից մեկի խոսքը, որի համաձայն քաղաքում գիշերները պայթյուններ և կրակոցներ են լսվում, իսկ կառավարությունը զգուշացրել է, որ անհրաժեշտ է չլքել տունը՝ գնդակներից խուսափելու նպատակով:

«Հայաստանի սփյուռքի նախարարության համաձայն, 2011 թվականից ի վեր Հայաստան է ժամանել ավելի քան 3 հազար սիրիահայ», - նշված է հոդվածում, - «իսկ Հայաստանի «Արմավիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է կազմակերպում՝ Սիրիայից հեռանալ ցանկացողներին տեղափոխելու համար»:

«Սիրիայում հայկական համայնքը այնքան էլ մեծ չէ՝ 60-ից 100 հազար մարդ, սակայն հայերի անհանգստությունը պայմանավորված է նաև ժողովրդի պատմության դժբախտ էջերով: Սիրիայում բնակվող հայերի նախնիներն այս երկիր են ժամանել՝ փրկվելով Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ցեղասպանությունից: Հայերը բնակություն են հաստատել Սիրիայում, նրանցից շատերն այնտեղ սեփական գործ ունեն», - նշված է հոդվածում:

Հայերը, ըստ «Ֆրանս պրեսի» այժմ դեմ առ դեմ են կանգնած անորոշության հետ, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե արդյոք այս հակամարտությունը կդադարի, և թե ինչպիսի ապագա կունենան ազգային փոքրամասնությունները նոր վարչակարգի օրոք:

Հոդվածում մեջ է բերվում Երևանի «Զբարթնոց» օդանավակայան ժամանած սիրիահայերից մեկի խոսքը, որի համաձայն «հայ համայնքը զբաղեցրել է չեզոք, այսպես կոչված «սիրիամետ» դիրք»:

Ըստ Հայաստանի սփյուռքի նախարարության, երկրում տիրող իրավիճակը դեռևս կրիտիկական չէ, և զանգվածային էվակուացում դեռևս չի նախատեսվում:

«Այժմ Սիրիայում հակահայկական հիթերիայի, ինչպես նաև հայկական համայնքի գոյությանը սպառնացող իրական վտանգ չկա», - ասել է Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով հանձնաժողովի անդամ Ֆիրդուս Զաքարյանը՝ հավելելով. «Մենք սակայն հաշվի ենք առնում իրավիճակի ցանկացած զարգացում և, Աստված մի արասցե, իրավիճակի վատթարացման դեպքում Հայաստանը պատրաստ է օգնել իր հայրենակիցներին»:
XS
SM
MD
LG