«Ապստամբների ուժերը կդադարեցնեն կառավարության հետ զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունն ուրբաթ օրն այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չպահպանի զինադադարի և ՄԱԿ-ի խաղաղության ծրագրի այլ պայմանները»:
Համացանցում հրապարակված այս հայտարարությամբ հանդես է եկել «Սիրիայի ազատ բանակ»-ի հրամանատար Քասիմ Սադեդինը՝ նշելով, որ եթե մինչև տեղական ժամանակով ցերեկվա ժամը 12-ը Ասադը չսկսի կատարել խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի իրականացման ուղղությամբ տված խոստումները, ապա իր հրամանատարության տակ գտնվող ուժերը պարտավորված չեն լինի կատարել Անանի ծրագրի պայմանները:
«Սիրիայի ազատ բանակ»-ը ապստամբների թույլ կազմակերպված խմբավորում է՝ զինված թեթև զենքով, որը հիմնականում բաղկացած է Սիրիայի բանակի դասալիքներից և առաջնորդում է երկրի նախագահ Ասադի դեմ արդեն 15 ամիս շարունակվող ապստամբությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսն հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ եթե Քոֆի Անանի ծրագիրը չիրականացվի, ապա միջազգային հանրությունը պետք է մշակի նոր միջոցներ՝ Ասադի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Ռայսի համաձայն, նման գործողությունները կարող են լինել պատժամիջոցների սահմանում կամ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի լիազորություններից դուրս գտնվող գործողությունների իրականացումը»:
Այս հայտարարությամբ Սյուզան Ռայսը հանդես է եկել Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ Քոֆի Անանի տեղակալի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ղեկավարի չորեքշաբթի օրն անցկացված ճեպազրույցից հետո, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են Սիրիայում ծավալված ճգնաժամի վերաբերյալ տեղեկությունները:
Իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների համաձայն, անցյալ տարվա մարտ ամսից Սիրիայում սկսված ապստամբության ժամանակից Ասադր կողմից գործադրվող բռնությունների զոհ է գնացել մոտ 13 հազար մարդ: Սիրիայի կառավարությունը երկրում ստեղծված վիճակի մեջ մեղադրում է արտերկրից աջակցություն ստացող ահաբեկիչներին: