Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը տեղ է զբաղեցրել Արաբական պետությունների լիգայում


Սիրիայի ընդդիմությունը պնդում է, թե Միացյալ Նահանգները պետք է օգտագործի «Փեթրիոթ» հրթիռները՝ ապստամբների կողմից վերահսկվող տարածքները նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի օդանավերից պաշտպանելու համար

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները երեքշաբթի օրն առաջին անգամ զբաղեցրել են Սիրիային հատկացված տեղը Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին, որի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե Միացյալ Նահանգները պետք է օգտագործի «Փեթրիոթ» հրթիռներն ապստամբների կողմից վերահսկվող տարածքները նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի օդանավերից պաշտպանելու համար:

Արաբական պետությունների լիգայում Սիրիային հատկացված տեղը դատարկ էր մնում 2011 թվականից՝ այս կազմակերպությունում Սիրիայի անդամությունը դադարեցնելուց հետո:

Սիրիայի ընդդիմության առաջնորդ Մուազ ալ-Խաթիբն ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է ավելի վճռական դեր ունենա Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող հակամարտությունը դադարեցնելու գործում՝ դիմելով ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիին՝ ապստամբների կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսային տարածքները պաշտպանելու գործում օգնություն ցուցաբերելու պահանջով:

Ալ-Խաթիբը վերջերս հրաժարվել է Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդի պաշտոնից, սակայն գլխավորել է Սիրիայի պատվիրակությունը Քաթարում անցկացվող գագաթաժողովին՝ այդ երկրի էմիրի հրավերով:

ՆԱՏՕ-ն երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դաշինքը չի պատրաստվում Սիրիայում ռազմական միջամտության՝ համաձայնելով սակայն, որ ՆԱՏՕ-ի անդամ երեք պետություն Թուրքիա ուղարկել է «Փեթրիոթ» հրթիռների մի քանի մարտկոց՝ այս երկրի բնակավայրերը Սիրիայից հնարավոր հարձակումներից պաշտպանելու նպատակով:
XS
SM
MD
LG