Մատչելի հղումներ

«Սիրիայի քրիստոնյաների առաջնորդները հորդորել են ԱՄՆ-ին դադարեցնել Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրվող օժանդակությունը». «Թայմ»


Կոնգրեսակայն Ադամ Շիֆի հանդիպումը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ
Կոնգրեսակայն Ադամ Շիֆի հանդիպումը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ

«Միացյալ Նահանգները պետք է փոխի իր քաղաքականությունը՝ նախապատվություն տալով դիվանագիտության ու երկխոսությանը, այլ ոչ թե ապստամբներին աջակցության տրամադրմանն ու վերջիններիս «ազատության մարտիկներ» անվանելուն». Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան

Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների պատվիրակության ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն վերջերս կատարված այցին անդրադարձել է ամերիկյան «Թայմ» պարբերականը՝ «Սիրիայի քրիստոնյաների առաջնորդները հորդորել են ԱՄՆ-ին դադարեցնել Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրվող օժանդակությունը» հոդվածում:

Վտանգի տակ գտնվող հավատացյալների համայնքներին օգնություն տրամադրող և կրոնական ազատության ոլորտում աշխատանքներ իրականացնող Վեստմինստերյան ինստիտուտի և «Բարնաբաս էյդ» կազմակերպությունների հովանավորությամբ կազմակերպված այցելությանը, ըստ պարբերականի, մասնակցել են Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Անտիոքի Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի ներկայացուցիչ Էլիաս Թումեհը, ինչպես նաև Սիրիայի և Լիբանանի ազգային ավետարանական Սինոդի առաջնորդի տեղակալ, սրբազան Ադիբ Ավադը: Պատվիրակության կազմում են եղել նաև Սիրիայի ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Դիոնիսիուս Ջին Քավաքը և Հոմսից պրեսբիտերական հոգևորական, սրբազան Ռիադ Ջարջուրը:

Հոգևորականների այս խումբը, ըստ «Թայմ»-ի, Սիրիայում երեք տարի առաջ սկսված ճգնաժամի ընթացքում Վաշինգտոնն այցելած նման առաջին պատվիրակությունն է, որը ներկայացնում է Սիրիայի քրիստոնեական հիմնական համայնքները:

Պարբերականի հոդվածում նշված է, որ, հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական չհանդիսացող ապստամբների խմբավորումներին օժանդակության տրամադրումը, որը մեկնարկել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի կողմից քիմիական զենք կիրառելուց հետո, Վաշինգտոն այցելած եպիսկոպոսները դիմել են ԱՄՆ-ին՝ պահանջելով ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի նման երկրների վրա, որպեսզի վերջիններս վերջ դնեն Սիրիա ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ ուղարկելուն և նրանց օգնություն տրամադրելուն:

«Միացյալ Նահանգները պետք է փոխի իր քաղաքականությունը՝ նախապատվություն տալով դիվանագիտության ու երկխոսությանը, այլ ոչ թե ապստամբներին աջակցության տրամադրմանն ու վերջիններիս «ազատության մարտիկներ» անվանելուն», - ըստ պարբերականի, ասել է Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Հոդվածում մեջ է բերվում նաև սրբազան Ադիբ Ավադի խոսքը, որի համաձայն «իրական խնդիրն այն է, որ տեղում [Սիրիայում] ռազմական հզոր ընդդիմությունը օտարերկրյա ընդդիմությունն է»: Սրբազան Ավադը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ընդդիմությանն աջակցության տրամադրումը օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին օժանդակություն տրամադրել է նշանակում:

«Հենց նրանք են սպանում հոգևորականներին և հարձակումներ գործում եկեղեցիների վրա, տներ այրում, ուսում մարդկանց լյարդներն ու սրտերը և գլուխներ կտրում», - ասել է սրբազան Ավադը:

«Սիրիայի քրիստոնեական եկեղեցիներն Ասադի վարչակարգին սատարելու հրապարակավ կոչերով հանդես չեն գալիս: Դա կարող է է՛լ ավելի մեծ վտանգի տակ դնել իրենց հետևորդներին և վնաս հասցնել իրենց գործի բարոյական բաղադրիչին՝ հաշվի առնելով Սիրիայի վարչակարգի կողմից խաղաղ բնակիչների ուղղությամբ քիմիական զենքի կիրառման ներկայացվող մեղադրանքները: Փոխարենը նրանք մասնավոր հանդիպումներ են անցկացնում օրենսդիրների, դիվանագետների և հետազոտական կենտրոնների հետ», - նշված է «Թայմ» պարբերականի «Սիրիայի քրիստոնյաների առաջնորդները հորդորել են ԱՄՆ-ին դադարեցնել Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրվող օժանդակությունը» հոդվածում:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն Սիրիայի քրիստոնյա հոգևորականների պատվիրակության այցի ընթացքում Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

«Եպիսկոպոս Նալբանդյանն ու իր գործընկերները նկարագրել են իրենց ժողովրդի ծայրահեղ անապահովությունն ու ահաբեկված վիճակը և դիմել Կոնգրեսին և նախագահին՝ արագացնելու համար քաղաքացիական պատերազմից տուժած, սակայն երկրում մնացած միլիոնավոր սիրիացիներին մարդասիրական օգնության տրամադրումը», - ասված է կոնգրեսական Շիֆի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG