Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները կմասնակցեն ժնևյան բանակցություններին հաջորդ փուլին


Սիրիայի իշխանությունները հաստատել են Ժնևում խաղաղության բանակցությունների կայանալիք երկրորդ փուլին իրենց մասնակցությունը

Սիրիայի իշխանությունները հաստատել են Ժնևում խաղաղության բանակցությունների կայանալիք երկրորդ փուլին իրենց մասնակցությունը:

Այս հայտարարությամբ Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հադես է եկել երկրի փոխարտգործնախարար Ֆայսալ Մաքդադը՝ հաստատելով, որ Դամասկոսը նախատեսում է մասնացել փետրվարի 10-ին վերսկսվող խաղաղության բանակցություններին:

Սիրիայում պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր Ժնևում անցյալ շաբաթվա վերջին՝ առանց նշանակալի առաջընթաց գրանցելու: Առաջին փուլի ընթացքում սակայն հնարավոր եղավ հիմք ստեղծել՝ բանակցությունները շարունակելու համար:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին այս շաբաթվա սկզբին քննադատության էր ենթարկել Սիրիայի կառավարությանը՝ երկրի հյուսիսային Հալեպ քաղաքում «տակառային ռումբեր» կիրառելու համար:

Սիրիայի ակտիվիստների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում կառավարական ուժերի կողմից իրականացված նման ռմբակոծությունները դարձել էին բազմաթիվ զոհերի պատճառը:

Արտգործնախարար Քերրին իր հայտարարության մեջ նշել էր, որ «տակառային ռումբերի» կիրառմամբ իրականացված ռմբակոծություններով Սիրիայի կառավարությունը նպատակ է հետապնդում է՛լ ավելի մեծ ավերածություններ պատճառել երկրում:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել էր, որ Սիրիայի ընդդիմությունն ու միջազգային հանրությունը փորձում են գտնել այնպիսի լուծում, որը վերջ կտա երկրում իրականացվող բախումներին, իսկ Սիրիայի կառավարության գործողությունները «տապալում են Ժնևում բանակցությունների հաջող ավարտի հույսերը»:

Սիրիայում 2011 թվականից չդադարող քաղաքացիական պատերազմի զոհ է գնացել ավելի քան 130 հազար մարդ, երկրում ռազմական գործողությունների պատճառով փախստական է դարձել կամ տեղահանվել մոտ 9,5 միլիոն մարդ:
XS
SM
MD
LG