Մատչելի հղումներ

Երևանում անցկացվել է Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությունը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուն օգոստոսի 7-ին անցկացրել է 42-րդ Խաղաղության կորպուսի կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։

Ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից տարածված հաղորդագրության, Խաղաղության կորպուսի կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն Խաղաղության կորպուսի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։

Երդմնակալության միջոցառումն անցկացվել է Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որին ներկա էին 250 հանդիսատես, այդ թվում՝ նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ ու միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ , և հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից: Այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 հազար կամավոր է ծառայել ավելի քան 100 երկրում։

1992 թվականից մինչ այսօր Հայաստանում աշխատել է Խաղաղության կորպուսի ավելի քան 750 կամավոր:

Խաղաղության կորպուսը հետապնդում է երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել Միացյալ Նահանգների ժողովրդին և նպաստել ամերիկացիների կողմից հյուրընկալող ժողովրդի ճանաչման։
XS
SM
MD
LG