Մատչելի հղումներ

Սուաթ Քընըքլըօղլու. առկա է նոր փաստաթուղթ


Սուաթ Քընըքլըօղլու. առկա է նոր փաստաթուղթ
Սուաթ Քընըքլըօղլու. առկա է նոր փաստաթուղթ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանի 7 տարածքները շարունակում են հայկական ուժերի վերահսկողության ներքո լինել

“Հայ-թուրքական կարգավորման գործընթացում առկա են նոր առաջարկություններ, որոնց մանրամասնությունների մասին ես այժմ խոսել չեմ կարող, սակայն սեղանին դրված նոր առաջարկությունները դրական են և այժմ ամեն ինչ կախված է հայկական կողմից”, մայիսի 19-ին Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտում ունեցած իր ելույթում ասաց Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն:

Իր կուսակցության կողմից իրականացվող Թուրքիայի արևելյան հարևաններ ծրագիրը ներկայացնելիս, թուրք պատգամավորը խոսեց նաև գործընթացում Ադրբեջանի դերակատարությունից.

“Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում ցուցաբերել է շատ ավելի կառուցողական վերաբերմունք և սա ինձ լավատեսության հույսեր է ներշնչում, առ այն, որ շուտով հնարավոր կլինի դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել հայ-թուրքական սահմանը”:

Ըստ Քընըքլըօղլուի, հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում կողմերը որոշել են առժամանակ դադարեցնել հրապարակային քննարկումները խնդրի շուրջ` դիվանագիտական աշխատանքը շարունակելով վարագույրների ետևում: Թուրք պատգամավորի համոզմամբ, սակայն, գործընթացն արդեն իսկ դրական տեղաշարժեր է արձանագրել: Իր խոսքերով, այժմ կողմերը հոգեբանորեն շատ ավելի պատրաստ են հարաբերությունների կարգավորման համար:

Հարցին, թե արդյոք ինքը` Քընըքլըօղլուն, որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, դե՞մ, թե կողմ կքվեարկեր համաձայնագրերին, եթե դրանք խորհրդարանում քվեարկության դրվեին մոտ ապագայում, պատգամավորը պատասխանեց, թե, այո, ինքը կողմ կքվեարկեր, քանի որ հավատացած է, որ առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժեր կունենա ողջ Հարավային Կովկասի համար:

“Եկեք ենթադրենք, որ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները նորմալացան, այսուհանդերձ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանի 7 տարածքները շարունակում են հայկական ուժերի վերահսկողության ներքո լինել”:

Միաժամանակ, Վաշինգտոնում Ամերիկայի Ձայնի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մյուրատ Մերչանը համաձայնագրերը հանձնաժողովի քվեարկությանը չառաջադրելու իր մոտեցումը պայմանավորեց նրանով, թե վստահ չէ, որ քվեարկության դեպքում այն ձայների մեծամասնության կարժանանա:

XS
SM
MD
LG