Մատչելի հղումներ

“Սարդ»՝ վիրահատարանում


“Սարդ»՝ վիրահատարանում
“Սարդ»՝ վիրահատարանում

Տարիներ առաջ որովայնի ցանկացած վիրահատություն նշանակում էր մեծ կտրվածք և վերականգնման երկար ընթացք:

Վերջին 10-ից 20 տարիներին լապարոսկոպիկ վիրահատության իրականացման գործընթացում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ կտրվածքները դարձան ավելի փոքր, իսկ վերականգնման շրջանը՝ ավելի կարճ:

Այժմ տեխնոլոգիան շարժվում է առաջ՝ դեպի ավելի քիչ միջամտող, մեկ կտրվածքի միջոցով անցկացվող վիրահատությունների անցկացում:

Ջոանա Արմասը սիրում է խոհանոցը, սակայն տարիներ շարունակ երիկամի խանգարման պատճառով ցավեր ուներ, ինչի արդյունքում ուտելուց և կերակուրից հաճույք չէր ստանում:

«Շատ էին որովայնի փքվածությունը և ցավերը: Հաճախ որոշ տեսակի սնունդ ընդունելիս զգում էի, որ չեմ մարսում այն: Օրգանիզմս չէր գործում և փորձում էր հակազդել», - ասում է Արմասը:

Ջոանան Միացյալ Նահանգներում առաջին հիվանդներից է, ով վիրահատվել է երիկամների հեռացման «սարդ» կոչվող լապարոսկոպիկ նոր եղանակով:

«Եթե հեռացնելու եմ օրգանը, ապա պետք է տեսնեմ դրան շրջապատող հատվածը», - ասում է Մայամիի Միլլեր համալսարանի ուրոլոգիայի պրոֆեսոր Ռեյմոդն Լեվելլին:

Ավանդական լապարոսկոպիկ վիրահատության դեպքում կատարվում է եռանկյուն երեք կամ չորս կտրվածք, որպեսզի հնարավոր լինի տեսախցիկի և գործիքների միջոցով լավագույնս ներթափանցել մարմնի մեջ: Սարդանման այս գործիքը նույնը կատարում է մեկ կտրվածքով:

««Սարդ» անվանվող գործիքը հնարավորություն է ընձեռում վիրահատության ժամանակ օգտագործել տարբեր գործիքներ: Այդ գործիքները մարմնի խոռոչում կատարում են անկյունային թեքումներ», - ասում է բժիշկ Լեվելլին:

Ջոանայի վիրաբույժները կարողացել էին մանրացնել հիվանդ երիկամը և ներքաշելով հեռացնել այն՝ պորտի մոտ թողնելով գրեթե 2 սանտիմետր երկարությամբ կտրվածք:

«Ես միանգամից ինձ լավ զգացի», - ասում է Ջոանան:

«Գիտականորեն բավականաչափ ապացույց չունենք, որը վկայում է ավելի քիչ ցավի մասին, բայց որոշ հիվանդներ խոսում են այդ մասին, գուցե կան առավելություններ, որ դեռ չենք գիտակցել», - ասում է պրոֆեսորը:

Ի տարբերություն իր ութոտնյա գործընկերոջ՝ այս սարդին հիվանդները կարող են նույնիսկ սիրել:

Մայամիի Միլլեր համալսարանի բժշկական ֆակուլտետում Ջոանայի երիկամի հեռացումը «սարդային» եղանակով կատարված երկրորդ վիրահատությունն էր Միացյալ Նահանգներում: Չնայած այն այլևս չի համարվում փորձնական, դեռևս քիչ թվով ամերիկյան բժշկական կենտրոններ են իրականացնում դա:

XS
SM
MD
LG